Այսօր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, «Թոքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը եւ «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը պաշտոնապես ազդարարեցին «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի մեկնարկը:
Ծրագրի մասնակիցները հոկտեմբերի 4-ին «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսի մոտից մեքենաներով մեկնելու են Եվրոպա: Նրանք՝ հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ, մինչեւ նոյեմբերի 6-ը կայցելեն եվրոպական 20 երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող բիզնես ֆորումների, միջազգային մի շարք միջոցառումների, կներկայացնեն հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը, միջազգային մի շարք միջոցառումների:
Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում եւ այլ քաղաքներում, կմասնակցի Բուխարեստում եւ Կատովիցեում կազմակերպվելիք տեխնոլոգիական խոշոր միջազգային միջոցառումներին:
Բոլոր բանախոսները հայտարարեցին, որ այս ծրագրի նպատակն է՝ գործարար դեմ առ դեմ հանդիպումների միջոցով համախմբել, եվրոպական շուկային եւ գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ եւ գործարար ոլորտի իրական ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձեւավորել երկկողմ եւ բազմակողմ համագործակցություն, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանը, որպես կամուրջ դեպի ԵՏՄ, Միջին Ասիա եւ Արեւելք, դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը:
Կարդացեք նաև
Փոխնախարար Էմիլ Տարասյանը հատկապես կարեւորեց, որ լայնածավալ այս ծրագիրն իրականացվում է ոչ թե հարկատուների, այլ մասնավոր հատվածի բիզնեսմենների եւ հովանավորների միջոցներով, իսկ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի, Սփյուռքի, ԱԳ նախարարության եւ ԼՂՀ կառավարությունը ծրագրի իրականացմանն աջակցում են կազմակերպական աշխատանքներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ