Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հույսը սեփական զինված ուժերն են. Այս էր ուզում ասել նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից

Հոկտեմբեր 01,2015 16:06

«Հիմքում դրվեց այն թեզը, որ Ադրբեջանը իր կեցվածքում հստակ ցուցադրում է միջազգային հանրությանը, որ որևէ ցանկություն չունի շարժվել հիմնախնդրի լուծման ուղղությամբ և որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն`անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում:

ՄԱԿ-ի ամբիոնից հնչած Հայաստանի նախագահի ելույթում, իշխանական պատգամավորը համարում է, որ բավական խորքային անդրադարձ կար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, առկա իրավիճակին, վերջին սրացումներին:

Նախագահի ելույթի առանցքային շեշտադրումները նա համարում է անդրադարձ դիպուկահարներին հեռացնելու հարցին, սահմանային միջադեպերի հետաքննություն անցկացնելը, ինչը ադրբեջանական կողմը տեւական ժամանակ է մերժում է: «Շեշտադրվեց, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի առավել անվտանգ դարձնել սահմանները, պահպանել զինադադարի պայմանները և փաստորեն այս պարագայում այն բոլոր հայտարարությունները սահմանային միջադեպերից հետո` որ իրենք չեն և որ դրանց հեղինակը հայկական կողմն է, իրականում ցույց են տալիս, որ դրանք մասնագիտական չեն», -կարծիք հայտնեց պատգամավորը:

Բեքարյանը կարեւոր է համարում, որ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց այն մասին, բերելով Բաքվում անցկացված եվրոպական խաղերի օրինակը, որոնց ընթացքում սահմանին անդորր էր, իսկ խաղերից հետո լարվածություն սկսվեց: «Նախագահի ելույթում նաև ընդգծվեց, որ Ադրբեջանը սահմանային լարվածության ստեղծման մեջ որակական փոփոխություն է իրականացրել` խաղաղ բնակավայրերն ավելի ինտենսիվ է սկսել ռմբակոծել, ինչպես նաև զինատեսակների էական փոփոխությունը կիրառման մեջ», – ասաց իշխանական պատգամավորը`հավելելով, որ այսպիսով ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով միջազգային հանրությանն ուղերձ է հղում` ՀՀ-ի և ԼՂՀ-ի հույսը սեփական զինված ուժերն են:

Նախագահի այս հայտարարությունը բանախոսը կարևորում է այն իմաստով, որ միջազգային հանրության համար ընկալելի պետք է լինեն Հայաստանի հակագործողությունները, քանի որ Ադրբեջանի հարևանությամբ անվտանգության երաշխիքներ չկան:

Պատգամավորը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ «Ադրբեջանի նման խայտառակ վարքագիծը» միտված է երկրի խնդիրներից սեփական հանրության ուշադրությունը շեղելուն:

Անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում ՀՀ նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Կարեն Բեքարյանը հայտարարեց. «Չեմ կասկածում, որ այդ հանդիպման ժամանակ հայկական կողմը հայտնել է մտահոգություն՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից լղոզված, «հավասարակշռված» հայտարարություններ, երկու կողմերին ուղղված կոչեր անելը, ուղղակիորեն սադրանքի հեղինակին չնշելը հստակ գին ունեն. շատ դեպքերում մարդկային կյանքեր: Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը պատասխանատվության ընկալումն ունենա»:

Հարցին`հասցրեցին, արդյոք, համանախագահները նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների մինչեւ տարեվերջ հանդիպման համար, թե՞միայն սահմաններում եւ շփման գծում սրված իրավիճակի մասին քննարկումներ եղան`բանախոսը համարում է, որ դա մնաց դիվանագիտական խողովակներում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումներից քաղաքագետն առանձնացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ նախագահի հետ հանդիպումները: Բովանդակային է որակում Իտալիայի վարչապետի եւ Շվեդիայի թագավորության վարչապետի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031