ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան), գտնվող անշարժ գույքը փոխանակել ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ