Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, եւ այսօր «Մեդիա» կենտրոնում հասարակության այս շերտի խնդիրների եւ կարիքների մասին քննարկում էր կազմակերպված:
Քննարկման հիմքը Հայաստանի տուն-ինտերնատներում բնակվող տարեցների ու նրանց զավակների վերաբերյալ արված ՄԱԿ-ի հարցումն էր: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց. «Մեր հասարակության յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին են ընկնում 494 տարեցներ եւ երեխաներ: Եթե տարեցների մասով նայենք, աշխատունակ բնակչությունը պետք է շուրջ 188 մեծահասակների եւ 306 երեխաների համար եւ այս ցուցանիշը արձանագրել է ավելացում»: Նա ներկայացրեց, որ այս տվյալները հաշվի առնելով պետք է կազմակերպել տարեցների խնամքի, կարիքների հոգածությունը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն էլ շնորհավորելով հայ տարեցներին՝ նշեց. «Այս օրը շատ լավ առիթ է, որ ուշադրություն դարձվի տարեցների խնդիրներին, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով»:
Նա հիշատակեց մեր երկրում առկա սեռային անհամամասնության խնդիրը. մինչեւ այսօր էլ հայ ընտանիքներում տղա երեխա ունենալն է նախընտրելի՝ հաշվի առնելով, որ զավակը կմնա ծնողների հետ եւ կզբաղվի նրանց խնամքով: Սակայն ըստ բանախոսի՝ հարցումները այլ բան են ցույց տալիս: ՄԱԿ-ի կողմից Հայաստանի մի քանի տուն-ինտերնատներում տարեցների շրջանում հարցումներ են անցկացվել, թե ունեն արդյոք զավակներ, թե՝ ոչ, եթե ունեն, ապա ինչ սեռի են պատկանում: «Պարզվեց, որ տուն ինտերնատներում բնակվում են թվով 623 տարեց, որից 284 հոգին ընդհանրապես երեխաներ չունեին, հարցվածների մոտ 46 տոկոսն էր: Հարցված տարեցների 72 տոկոսն ունի տղա, ընդհանուր առմամբ ունեին 365 տղա, որոնցից 21 տոկոսը ընդհանրապես չէր այցելում ծնողներին: Չայցելողների տոկոսը կարող էր ավելի բարձրանալ, եթե մենք ավելացնեինք նաեւ այն տղա երեխաներին, որոնք գալիս էին ծնողներին այցելության միայն կենսաթոշակի ստացման օրը,՝ կենսաթոշակը վերցնելու նպատակով: Մենք ցավով արձանագրեցինք, որ նրանք գալիս էին ծնողներին տեսնելու միայն թոշակը վերցնելու նպատակով»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նշում է, որ տղաների այս պահվածի մասին մասնավոր զրույցների ժամանակ են պարզել, ավելացնում է, որ նույն խնդիրը հավասարապես վերաբերում էր աղջիկ ունեցող տղաներին. «Ներկայացված թվերը խոսում են այն մասին, որ տարեցները տուն-ինտերնատներում են հայտնվում գրեթե հավասարապես՝ ե՛ւ տղա, ե՛ւ աղջիկ ունենալու պարագայում»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանն էլ նշեց, որ պետությունը փորձում է հոգալ տարեցների կարիքները, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ. բացի կենսաթոշակները տրամադրելուց, պետությունը փորձում է կազմակերպել նրանց խնամքն ու բուժօգնությունը, ինչն էլ գալիս, լրացնում է քիչ կենսաթոշակ ստանալու բացը:
Տիկին Գեւորգյանը նշում է, որ նախկինում տուն-ինտերնատներում ընդգրկվելու հնարավորություն ունեին միայն միայնակները, այժմ օրենսդրությունը փոխվել է, եւ կարող են դիմել նրանք, որոնք դրա կարիքն ունեն: Նա նկատում է. «Եթե նախկինում տուն-ինտերնատ դիմողների հերթեր էին գոյանում, հիմա ազատ տեղեր կան, դիմողների թիվը չի ավելացել՚»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի