Ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել:
Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանն ասաց, որ իրենք կսպասեն եւս մի քանի օր, հետո կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի: Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածները իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ:
«Ուռի հողերում« խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:
Այգեհովտից տեղեկացանք, որ գյուղի ցածրադիր հատվածում գտնվող «Ուռի հողերի» դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստ: Ձայնագրված այդ տեքստում ադրբեջանցիները հայերեն լեզվով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել եւ այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը, հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով: Նա ասաց, որ ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է նրանց հուսահատական վիճակի մասին, ասելով. «Արջն իր ահից է գոռում»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հակահայ քարոզչություն իրականացրել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում:Բարեկամավանի դիրքերը պաշտպանող հայ զինծառայողները հայերեն լեզվով ադրբեջանական քարոզչություն լսել են անցյալ եւ այս տարի: Բարձրախոսներից հայ սահմանապահներին կոչ է արվել լքել դիրքերը, անցնել Ադրբեջանի տարածք: Ազերիները սահմանը հատելու, Ադրբեջան անցնելու համար նույնիսկ ժամկետ էին տվել` 3 օր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ