Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին մնում է պատժել Ադրբեջանին

Հոկտեմբեր 01,2015 15:07

«Ունի արդյոք, միջազգային հանրությունը լծակներ: Իհարկե ունի: Արդյոք կիրառում է իր լծակներն`իրենց ողջ արդյունավետությամբ: Իհարկե`ոչ»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլ ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով հայտարարեցին պատժիչ գործողությունների մասին, որոնք կզսպեն Ադրբեջանին, ասվում է նաեւ, որ միջազգային հանրությունը պետք է եւս քայլեր ձեռնարկի`Ադրբեջանին զսպելու համար: Ի՞նչ լծակներ ունի միջազգային հանրությունը:

Թե ինչո՞ւ միջազգային հանրությունը իր լծակներն ամբողջությամբ եւ արդյունավետ չի կիրառում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, պատճառն այն է, որ շահերը արժեքներից վեր են դասվում: «Մենք ունենք մի իրավիճակ, երբ հայտարարված եւ իրականացվող մասերը տալիս են մեծ տարբերություն: Սա համաշխարհային քաղաքականության եւ քաղաքականության մեջ մասնավորապես, նոր բան չէ»:

Այդ կեցվածքը Կարեն Բեքարյանը վտանգավոր է համարում. «Եթե դա առաջին հայացքից թվում է բավականին բնական եւ ինչ- որ մարդիկ դա անգամ կանվանեն օբյեկտիվ, որը ցինիզմ է, չկա պատկերացումը նրա, որ դա աշխատում է շատ կարճաժամկետ կտրվածքով»:

Օրինակ բերելով ղարաբաղյան հակամարտության համատեքստում, բանախոսը նկատեց. «Եթե հանկարծ իրավիճակը դուրս գա բոլոր տեսակի վերահսկողությունից եւ վերածվի ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսմանը կամ տարածմանը, անգամ նրանք, ովքեր իրենց շահերով շարժվելով նպաստ էին բերում այս իրավիճակին, չեն շահելու`ոչ հակամարտության կողմերը, ոչ հարեւանները, ոչ միջնորդները: «Սա չգիտակցելը եւ գործողությունները համարժեք պլանավորելն ու իրականացնելը ստեղծում է այդ թվում պատասխանատվության բեռ`թափված արյան եւ զոհված անձանց առջեւ: Այս ընկալումը շատ դանդաղ, բայց հասունանում է: Բայց խնդիրն այն է, որ այդ դանդաղության ներքո մեր տղաների կյանքներն են նաեւ»:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի `ԼՂՀ-ին վերաբերվող հատվածին անդրադառնալով, Կարեն Բեքարյանը վերհիշեց Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի դեպքը, որը խոցվել էր չեզոք գոտում, հստակ տեղեկություններ չկար անձնակազմի մասին ու հայկական կողմը խնդիր ուներ այդ մարդկանց դուրս բերելու. «Հիշո՞ւմ եք Ադրբեջանն ինչ սարքեց այդ խնդրից: Հայաստանը եւ ԼՂՀ-ն այդ մի քանի օրերի ընթացքում կարծում եմ էլ միջազգային ատյան չմնաց, որին չդիմեցին, որպեսզի Ադրբեջանին զսպեն: Որեւէ կերպ, ոչ մի կոնստրուկտիվիզմ: Որից հետո տեղի ունեցավ այն, ինչ որ եղավ: Իրականացվում է ռազմական գործողություն, դուրս են բերվում այնտեղից տղաների դիերը եւ այդ գործողության ընթացքում սպանվում են ադրբեջանցիներ: Որեւէ մեկն այդ նույն միջազգային հանրությունից, իրեն թույլ տվե՞ց ասել`ինչո՞ւ այսպես արեցիք: Ոչ: Որովհետեւ բոլորի համար հստակ էր ու տեսանելի`ժողովուրդ, դուք մեզ այլ ելք չեք թողում»:

Առաջին հայացքից, ըստ Կարեն Բեքարյանի, իրավիճակները շատ տարբեր են, բայց մտածելակերպի եւ տրամաբանության տեսանկյունից`նույն մոդելն է. «Ադրբեջանը գնում է հերթական սրացմանը, Ադրբեջանը որակական փոփոխություն է կատարում սրացման գործընթացում, որը էապես վտանգում է ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր. դա արտահայտվում է բնակավայրեր եւ թիկունք արտահայտելով ու օգտագործելով զինատեսակների լրիվ նոր գործիքակազմ, որը հրադադարի սկզբում եթե լիներ, կդիտվեր որպես ֆորս-մաժոր, իսկ հիմա ինքը փորձում է ցույց տալ, որ սովորական վիճակ է: ՀՀ-ն, ԼՂՀ-ն այդ զանգը խփում են, առաջին հերթին մեսիջ տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ստանում են համահարթեցված մի հայտարարություն, որ իրենք մտահոգ են: Շարունակում է զանգը խփել ու դրան զուգահեռ Ադրբեջանն իր ցինիկ ու լկտի պահվածքն ավելի խորացնում է: Ի՞նչ է մնում Հայաստանին անել»:

Բանախոսը նաեւ նկատում է, որ ցանկացած անպատասխան գործողություն, Ադրբեջանը ընկալում եւ սեփական հանրությանը մատուցում է իբրեւ Հայաստանի թուլության նշան, քանզի այդ երկրում քաղաքական հասունություն եւ մշակույթ չկա: Եվ իր իսկ հնչեցրած հարցին, նա պատասխանում է, որ այս պարագայում Հայաստանին մնում է անել երկու բան`ասել, որ ՀՀ-ն եղել եւ մնում է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը եւ անվտանգության տեսակետից, իհարկե, դա մի տարածք է: Եվ`եթե որեւէ բան չի արվում, մենք ստիպված ենք պատժիչ գործողություններ իրականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031