«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 26 երկրի 250 մասնակցի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների:
Տիկնիկային թատրոնում կազմակերպիչները լրագրողներին հայտնեցին, որ փառատոնը կբացվի այսօր՝ Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:
Բեմադրիչի խոսքով՝ այն յուրօրինակ «ներկայացում-ճամփորդություն» է, որի ընթացքում հանդիսատեսը մտնելով թատրոն-թանգարան՝ կունենա տարբեր ապրումներ. «Մութ զգացողություններից մինչեւ հեքիաթ եւ երջանկություն: Որոշ զգացողություններ ոչ ուղղակիորեն առնչվում են Ցեղասպանության հետ: Ներկայացման համար օգտագործել ենք խորհրդանշական ցուցանմուշներ»,-ասաց Վահան Բադալյանը:
Կարդացեք նաև
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի նախագահ Արթուր Ղուկասյանն էլ հավելեց, որ ցուցադրությունից հետո ներկայացումը կներառվի Փոքր թատրոնի խաղացանկում:
Նշենք, որ Երևանում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում, այդ թվում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, կրկեսային, մանկական: Դրանցից կարելի է առանձնացնել Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում», Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ», «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» ներկայացումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ