Քիչ առաջ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում քննարկվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը: Aravot.am-ին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի զեկուցող Միլիցա Մարկովիչը հանձնաժողովին ներկայացրել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է իր այցին, և եթե ինքը մինչև հոկտեմբերի 31-ը չայցելի Հայաստան կամ Ղարաբաղ, ապա զեկույց կպատրաստի առանց այցելելու ՀՀ և Ղարաբաղ:
Պարոն Բաբայանը նշեց, որ ինքն իր ելույթում պատասխանել է Մարկովիչին ու մանրամասնեց. «Նշեցի, որ մեզ համար հարմար ժամկետները նոյեմբերի վերջն է, և չի կարելի ուլտիմատումների լեզվով խոսել ԵԽԽՎ-ում, քանի որ սա այդ հարթակը չէ, ու Հայաստանը թույլ չի տա իր հետ խոսել ուլտիմատումների լեզվով: Այնուհետև շեշտեցի, որ առանց Սարսանգի ջրամբար այցելելու զեկուցողը չի կարող լիարժեք զեկույց պատրաստել, այն կլինի միակողմանի և քաղաքականացված»:
Վահան Բաբայանը փոխանցեց, որ հայկական պատվիրակության անդամները և ղեկավարը հորդորել են Մարկովիչին պաշտոնական նամակ հղել ԼՂՀ իշխանություններին այցի վերաբերյալ, ինչին ի պատասխան զեկուցողը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է, և ինքը նամակ չի գրի:
Վահան Բաբայանն ի պատասխան նշել է. «ԵԽԽՎ-ն պետք է իմանա, որ զեկուցողը չի ցանկանում այցելել և արհեստական խոչընդոտներ է ստեղծում Սարսանգի խնդրի շուրջ՝ հումանիտար առաքելություն ունեցող զեկույցը անհարկի վերածելով քաղաքականի»:
Կարդացեք նաև
Վահան Բաբայանի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակության հակափաստարկները լռեցվել են հայկական պատվիրակության կողմից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ