Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե եւս մի քանի տարի շարունակենք այսպես, հաստատ կկորցնենք Հայաստանի անկախությունը. «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2015 12:44
Edvard Sandoyan

Հատված տ.գ.թ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հարցազրույցից:

– Պարոն Սանդոյան, արտաքին աշխարհի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում։ Հրաժարվելով Արևմուտքից, փաստորեն, գնում ենք դեպի Արևելք, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության խորացման փորձեր են արվում։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ։

– Եթե կարճ ասեմ՝ ոչ մի հեռանկար չեմ տեսնում այդ ուղղությամբ, մասնավորապես Չինաստանի, որովհետև նախ՝ Չինաստանին առաջարկելու ոչինչ չունենք։ Որքան էլ որ մեզ թվում է, թե ունենք, ես չեմ հավատում նման հաջողությունների, որովհետև Չինաստանում մենք ոչ կոնյակ ենք կարողանալու վաճառել, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, ո՛չ էլ այն, ինչ կարող ենք արտադրել այսօրվա տնտեսության պայմաններում։

Ինչ վերաբերում է ավելի հիմնարար գնահատականին, ես պետք է ասեմ, որ ժամանակակից տնտեսագիտությունը, ամփոփելով անցած 250-300 տարիների հաջողված և անհաջող փորձը, շատ նորույթներ է առաջարկում։ Նորվեգացի պրոֆեսոր, հակագլոբալիստ Էրիկ Ռայներտը հիմնավորել է, որ այն երկրները, որոնք ընտրել են Մարշալի պլանը, համեմատական առավելություններ ունեն։ Մորգենթաուի ծրագիրն ուղղված էր Գերմանիայի քայքայմանը, իսկ Մարշալի պլանը փրկեց Եվրոպան ու Ճապոնիան և հակասության մեջ է դասական և նեոդասական տնտեսագիտության մոտեցումների հետ, որոնք զարգացել են Դավիթ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի դպրոցների ներքո։ Հետագայում զարգացան նեոդասականությունը, քեյնսականությունը, մոնետարիզմը, ինստիտուցիոնալ տնտեսագիտությունը և այլն, ու բոլոր ժամանակակից տեսություններն այդ հենքի վրա են զարգացել, այսպես կոչված՝ համեմատական առավելությունների տեսության հիման վրա, ինչը ենթադրում է, որ մասնագիտանալով այս կամ այն ոլորտում, բաց շուկայի ռեժիմի ներքո, ի վերջո, ամենուրեք մարդկանց եկամուտները հավասարվում են։ Այս տեսությունները ներկայիս մեծ աշխարհում չեն «աշխատում», իսկ Մարշալի ծրագրից տարբերվում են նրանով, որ չեն հենվում նոր հավելյալ արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների և աշխատանքի բարձր արտադրողականության նպատակի վրա։

Սա է պատճառը, որ Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և այլ շատ երկրներ ոչ միայն՝ չզարգացան կամ չվերականգնեցին իրենց արդյունաբերական ներուժը, չապահովեցին բնակչության բարձր կենսամակարդակ, այլ նաև շարունակում են հետ մնալ մեծ մրցակցության դաշտում։ Ես կարծում եմ, որ, եթե մենք ևս մի քանի տարի շարունակենք այսպես, հաստատ կկորցնենք Հայաստանի անկախությունը։ Եվ սա բոլորովին վերացական գնահատական չէ, այլ հիմնված է մեր ներկայիս տնտեսական ցուցանիշների վրա։ Մեր գլխավոր հիմնախնդիրները հետևյալն են՝

1) ՀԲ և ԱՄՀ «օգնությամբ» և հորդորներով մեզ հաջողվեց վերացնել մեր արդյունաբերական ներուժը (վերջինը «Նաիրիտն» էր) և չունենալ նորը։

2) Շարունակելով այդ չոր մոնետար քաղաքականությունը, որի ջատագովներից է ԿԲ-ն, մենք շարունակում ենք լինել անմրցունակ։ Արտահանմանը միտված գյուղատնտեսությունը և դրա վերամշակման ճյուղերը զարգացնելով՝ մենք ապագա չենք ունենա։ Աշխարհի փորձը սա բազմիցս ապացուցել է։ Մեր տնտեսության մրցունակությունն օրեցօր կզիջի, և մի օր կհասնենք Մոնղոլիային, որը մինչև 90-ականները միջին մակարդակի զարգացած պետություն էր, իսկ ներկայումս, բացի անասնապահությունից, այլևս ոչինչ չունի։

3) Ժամանակին Եվրոպայում ընդունված էր ասացվածք՝ տեսեք՝ ինչպես են ապրում գյուղացիները, և գաղափար կունենաք տվյալ սոցիումի կենսամակարդակի մասին։ Եթե վատ են ապրում, երկիրը մրցունակ չէ, եթե՝ լավ, նշանակում է, որ գյուղն ապրում է քաղաքի կողքին և հիմնված է արդյունաբերական համակարգի վրա։ Մենք այս իմաստով վաղուց շեղվել ենք արդյունավետ զարգացման ուղուց և մտել ենք փակուղի։

4) Մեր դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական մրցակցության պաշտպանության, դատաիրավական և այլ համակարգերի զարգացումն իրականացրել ենք ռազմավարությունից կտրված, այսինքն՝ չենք որոշել, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ 10-20 տարի հետո, և այս հարցում մեզ «օգնել» են հենց ՀԲ-ն ու ԱՄՀ-ն՝ իրենց ստանդարտ խորհուրդներով, որոնք, իրենց կարծիքով, պետք է աշխատեն թե Բուրկինա Ֆասոյում, թե՛ Պերուում, թե՛ Մոնղոլիայում, թե՛ Չեխիայում, և թե՛ Հայաստանում։ Անցած 24 տարում մենք չկարողացանք կառուցել այն պետությունը, որը մոդելավորվում էր այդ միջազգային կառույցների կողմից, և մենք ինքներս էլ շատ սխալներ ենք գումարել, որովհետև հաճախ նմանակել ենք ինստիտուտները, ոչ թե ձևավորել, այլ իմիտացիա ենք արել, և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ աչք են փակել, որովհետև շահագրգռված չեն Հայաստանի զարգացմամբ։ Իսկ ստի վրա հիմնված ինստիտուտները, ի վերջո, դառնում են վտանգավոր և անսպասելի վնաս են հասցնում այլ համակարգերում։ «Վաշինգտոնյան կոնսենսուսը», որի իրականացման համար պատասխանատու են ՀԲ-ն ու ԱՄՀ-ն, պետք է համարել ձախողված։ Դրա արդյունքը տեսնում ենք արաբական աշխարհում, Սիրիան, Իրաքը քայքայված են։ Իսկ մեծ աշխարհում տեղի ունեցողն անուղղակիորեն առնչվում է մեզ հետ։ Այսինքն՝ մենք չպետք է հույս դնենք օտար քեռիների վրա, մենք պետք է շատ բարիդրացիական հարաբերություններ ունենանք և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի, և բոլոր գերտերությունների հետ, և այնպես կառուցենք մեր քաղաքականությունն ու տնտեսությունը, որպեսզի մեր նպատակները հակասության մեջ չհայտնվեն այդ գերխաղացողների հետ։ Միևնույն ժամանակ՝ մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք ինքներս՝ հայերով։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031