Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սլովակիայի և Չեխիայի իշխանությունների հետ՝ ցեղասպանության վտանգի ենթարկված և արդեն Եվրոպայում գտնվող Սիրիայի հայ քրիստոնյա փախստականներին՝ այդ երկրներ տեղափոխելու շուրջ:
Երեկ ԵՀՄՖ-ի Նախագահության ներկայացուցիչները հանդիպեցին Սլովակիայի ներքին գործերի Միգրացիայի դեպարտամենտի տնօրեն պարոն Բեռնարդ Պրիեցելի հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցին սկսել այն փախստականների տեղափոխումը Սլովակիա, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Կողմերը պայմանավորվեցին, որ Սլովակիա տեղափոխված փախստականներին կտրամադրվեն նորմալ կենցաղային պայմաններ: ԵՀՄՖ-ն Նախագահությունը այդ առթիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում հայ փախստականների համար հատուկ ավան կառուցելու շուրջ: Ավանը կկառուցվի ԵՀՄՖ-ի, Եվրոմիության ֆոնդերի և Սլովակիայի Կամավորության ֆինանսավորմամբ:
Գործունեության առաջին էտապում Սլովակիա կհրավիրվեն Հունաստանի և Իտալիայի ճամբարներում ներկայումս գտնվող հայ փախստականները:ԵՀՄՖ Նախագահությունը, Սլովակիայի հայ համայնքի հետ միասին կհամագործակցի սիրիահայ փախստականների հետ՝ ստեղծելով նրանց համար աշխատատեղեր և աշխատանքային հնարավորություններ, կնպաստի նրանց ինտեգրման գործընթացին: Համանման գործընթաց ԵՀՄՖ-ն վարում է նաև Չեխիայի նախագահ պարոն Միլոշ Զեմանի աշխատակազմի հետ, որն անկասկած կտա դրական արդյունք` փախստականների մի մասը Չեխիայում տեղավորելու հարցում:
Սիրիահայության համար ներկայիս ճակատագրական պահին ՀՀ ԱԳ նախարարության բացառիկ պասիվությունը տարակուսանք է առաջացնում եվրոպահության շրջանակներում, քանի որ մի փոքր արհեստավարժ դիվանագիտություն ցուցաբերելու դեպքում մեր սիրիահայ հայրենակիցները վաղուց պիտի տեղավորված լինեին Հայաստանում և ոչ թե Եվրոպական երկրներում: Առավել ևս անհասկանալի է Սփյուռքի նախարարի ամպագոռգոռ կոչերի և ելույթների ֆոնի վրա՝ ճակատագրի քմահաճույքին թողած մեր հայրենակիցների անորոշ ապագան:
Կարծում ենք, որ ԵՀՄՖ-ի օրինակով շատ հայկական կազմակերպություններ կարող էին կազմակերպել համանման օգնություն սիրիահայերին և աջակցել նրանց փրկության ծրագրերին: Անկասկած առավել իմաստալից կլիներ համանման ավաններ ստեղծել ոչ թե Եվրոպական երկրներում, այլ հայրենիքում, որը սակայն անհնարին է ՀՀ ԱԳ նախարարի և Սփյուռքի նախարարի աթոռները զբաղեցրած և իրենց առջև բոլորովին այլ նպատակներ դրած անձնավորությունների պայմաններում:
Ե′վ Սլովակիայի, և′ Չեխիայի իշխանությունները չափազանց գոհ են ԵՀՄՖ-ի այդ քայլից, քանի որ նշված երկրները կհարստանան շնորհալի, արհեստավարժ, հաճախ հազվագյուտ հմուտ մասնագետներով: Եվրոպահայությունը չի կարողանում ըմբռնել Հայաստանի իշխանությունների՝ տվյալ խնդրո շուրջ ունեցած բացառիկ կրավորական վերաբերմունքի պատճառը: