Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը զեկուցեց ՀԷՑ-ում խորհրդատվություն իրականացրած ընկերության եզրակացության մասին, համաձայն որի՝ սակագների թանկության առումով Հայաստանը նախավերջին տեղում է, Հայաստանից ավելի թանկ են միայն Մոլդովայում գործող սակագները: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ընկերության եզրակացմամբ՝ սակագնի թանկացումը հիմնավորված է:
Ըստ վարչապետի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը հիմնավորված է, եւ սակագնի փոփոխության անհրաժեշտություն չկա: Նա նշեց, որ հարցը քննարկել են հանրապետության նախագահի հետ եւ խոստացավ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի հասարակության նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չլինի:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս իրավիճակում հրամայական է ոլորտում նոր ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:
Հովիկ Աբրահամյանը նաև ասաց, որ, հաշվի առնելով էներգետիկ համակարգում «Տաշիր» ընկերության փորձը եւ այն, որ «Տաշիր» խմբում գտնվող Կասկադ էներգո ընկերությունը լավագույններից մեկն է ՌԴ-ում, Հայաստանի կառավարությունը դիմել էր Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանին՝քննարկելու ՀԷՑ-ի ձեռքբերման հարցը:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսքերով. «Ընդառաջելով մեր խնդրանքին՝ կարճ ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը բանակցեց ու ստորագրեց պայմանագիրը, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»: Նա նշեց, որ Սամվել Կարապետյանն առաջիկա հինգ տարիներին պատրաստակամություն է ստանձնել ոլորտում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ, իջեցնել տեխնիկական եւ առեւտրային կորուստները: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Սամվել Կարապետյանը նաեւ իր անձնական միջոցների հաշվին մինչև հաջորդ տարվա օգոստոսի մեկը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցելու է սակագնի թանկացումը բնակչության ու ամսական մինչև 500 կվտ էլէկտրաէներգիա սպառող փոքր բիզնեսի համար՝ 250 կվտ-ի համար:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ կառավարությունն այս քայլի համար էլ է «երախտապարտ Սամվել Կարապետյանին»: Ըստ նրա, ավելի մեծ սպառում ունեցող քաղաքացիները պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ