Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) թույլատրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վաճառել 100 տոկոս բաժնետոմսերը։ ՀԾԿՀ այսօրվա նիստում հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին որոշման նախագծին:
Համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է. – «ՀԾԿՀ-ն որոշում է թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի17-ի որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը»:
Ընկերությունը վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի ՀԾԿՀ։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։