«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը
-Պարո՛ն Նազարյան, այսօր պարզ դարձավ, որ աուդիտորական ընկերությունը հիմնավոր էր համարել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը։ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև աուդիտի իրականացումը սակագնի բարձրացման բեռն իր վրա է վերցնում կառավարությունը։ Հնարավո՞ր է, որ այս եզրակացությունից հետո իրավիճակ փոխվի և հասարակության համար սակագինը բարձրանա, այսինքն՝ սուբսիդավորումը դադարեցվի։
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև սուբսիդավորումը կառավարության որոշմամբ է տրվում։ Դուք պետք է դիմեք կառավարության համապատասխան մարմիններին, ինչու չէ՝ վարչապետին, նա կպատասխանի այդ հարցին։
Ի սկզբանե, որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, իմ սրտով չէր այս աուդիտը, մի պարզ պատճառով, որովհետև սա նշանակում էր, որ կասկածում են մեր պրոֆեսիոնալիզմի վրա։ Բայց կար լարված իրավիճակ, հանրությունը կասկածում էր, չէր ընդունում, իշխանություններն էլ պետք է համարժեք քայլ անեին, հանգուցալուծեին իրավիճակը։ Հիմա այս խորհրդատվական ընկերությունը, կարծում եմ, աշխարհի լավագույն 5 խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը լավագույնս տիրապետում է իր մասնագիտական բոլոր նյուանսներին, իր բոլոր հանդիպումների ժամանակ, և՛ մեզ հետ, և՛ համակարգի այն ընկերությունների հետ, որոնց հետ նա ցանկություն ունեցավ հանդիպել և անգամ թույլ չտվեց, որ մենք մասնակցենք այդ հանդիպումներին։ Ես նրանց հետ չեմ էլ շփվել, մեր աշխատակազմն է շփվել։ Մեզնից պահանջեցին բազմաթիվ հարցեր՝ գրավոր, բանավոր, մոտ 4 հազար էջանոց պատասխան ենք ուղարկել գրավոր, 2010 թվականից սկսած՝ մեր բոլոր հայտերի ու հիմնավորումների մասին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է եզրակացությանը, այդ մասին ես կլռեմ, կոռեկտ չեմ համարում պատասխանել, թող մեր ժողովուրդը պատասխանի։
-Երեկ մեզ հետ զրույցում Սամվել Կարապետյանը նշել է, որ ՀԷՑ-ն ունի ոչ թե ազգայնացման, այլ արդիականացման խնդիր։ Արդեն ակնհայտ է, որ ՀԷՑ-ը հենց «Տաշիր գրուպ»-ին է պատկանելու։ Ընկերությունը, որն այդ ոլորտում փորձ չունի, կկարողանա՞ այս ճգնաժամից դուրս բերել ՀԷՑ-ը։
-Ես ունեմ իմ ընդգծված կարծիքը. սեփականատիրոջ համար փորձ ունենալն այդքան էական չէ, որովհետև սեփականատերը փոխվում է, բայց ընկերությունը մնում է նույնը։ Մենք ինչպես ունեինք ՀԷՑ-ը, այնպես էլ կշարունակի այդ ընկերությունը կոչվել իր բոլոր ձևի ու բովանդակության մեջ։ Լիցենզիան ստացել է ՀԷՑ-ը և այդ լիցենզիան նույնությամբ նոր սեփականատերը, որպես համապարտ պատասխանատվության կրող, պարտավոր է իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք ունեցել է «Ինտեր ՌԱՕ»-ն և դրանից առաջ նախկին սեփականատերը։ Բայց եթե ցանկություն, սրտացավություն լինի վիճակը շտկելու, կարծում եմ, փորձ ունենալն էական չէ, կարող է գտնել մեծ փորձ ունեցող համապատասխան որակյալ կառավարիչներ, խնդիրը ձևակերպել և շարունակել աշխատել։
Սիրանույշ Պապյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում