Այսօր մեկնարկեց Պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 10 երկրի 100-ից ավելի մասնագետ:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ներառական կրթության խնդիրը վերջերս կրկին հանրային քննարկումներ օրակարգ է մտել. «Արդյունքում նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, համաձայն որի՝ 2025 թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակություն վերադարձնել որպես լիարժեք մարդ»,-ասաց նախարարը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էլ համոզմունք հայտնեց, որ ներառական կրթության ներդնումը ճիշտ ճանապարհով է ընթանում. «Բոլորիս խնդիրն է՝ համապատասխան հնարավորություններ ստեղծել այն անձանց համար, որոնք որոշակի խնդիրների պատճառով չեն օգտվում որոշ իրավունքներից: Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը ներառում է թե կրթական, թե առողջապահական հարցերի կարգավորում»,-հավելեց Արտեմ Ասատրյանը:
Կարդացեք նաև
Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց որակյալ կրթության, սոցիալիզացիայի խնդիրները, ինչպես նաեւ կնախանշեն անելիքները:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանում 4 տարի առաջ ստեղծվել է հատուկ կրթության ֆակուլտետը, մինչ այդ էլ ԲՈՒՀ-ում պատրաստվում էին համապատասխան մասնագետներ: Իսկ առաջինը ներառական կրթություն կիրառեց Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը՝ 2005 թվականին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ