Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում»՝ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկումից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար։
Այս ելույթն ու նկատառումը ադրբեջանցիներին հանեց հունից, և Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո մեկը մյուսի հետևից ադրբեջանցի պատվիրակները սկսեցին հարձակումներ գործել հայ պատվիրակի և պատվիրակության վրա; Օրինակ՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան հայտարարեց. «Կուզեի դիմել մեր հայաստանյան գործընկերներին, սակայն նրանք սովորության համաձայն՝ լքել են դահլիճը»: Այնուհետև կոչ արեց հայ պատվիրակներին չստել:
Ռաֆայել Հուսեյնովը ևս արձագանքեց՝ հայտարարելով, որ ամբողջությամբ ժխտում է հայ գործընկերոջ ելույթը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը որակելով՝ որպես «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ