Արարատ Զուրաբյանը՝ Ռուբինյանին
ՀՀՇ կուսակցության վարչության անդամներ Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնացել էին Բաղրամյան 26՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ իրենց առաջարկները ներկայացնելու: ՀՀՇ կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանն այդ այցելությունից անակնկալի էր եկել, թե ինչպես են իր ընկերները սեղմել մի մարդու ձեռքը, որը պատասխանատու է Մարտի 1-ի համար: Ըստ նրա՝ այդ ձեռքը կարելի էր սեղմել մեկ նպատակով՝ կոտրելու:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արարատ Զուրաբյանը մեր հարցին՝ Դուք այլեւս Սերժ Սարգսյանին չե՞ք համարում Մարտի 1-ի պատասխանատու, փոխվե՞լ է Ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ, պատասխանեց. «Ինձ ինչքանով մարդիկ ճանաչում են, կարծում եմ՝ գիտեն, որ որեւէ սկզբունք, որեւէ գնահատական կամ մոտեցում ինձ մոտ չի փոխվել: Ինչ վերաբերում է ձեռքսեղմմանը, կարծում եմ՝ երկու թշնամի պետությունների ներկայացուցիչները նույնիսկ երբ հանդիպում են իրար, ձեռք են սեղմում: Դա դարձնել ինչ-որ երեւույթ եւ շեշտը դնել դրա վրա, կարծում եմ՝ սխալ է: Տարրական մի բան կա. անկախ նրանից՝ դու ընդունում ես այս իշխանությանը, թե ոչ, նրանք դարձել են իշխանություն ոչ օրինական ճանապարհով, թե օրինական՝ նրանց գոյությունը փաստ է, իրողություն է, որից չես կարող հրաժարվել: Չես կարող մերժել քո իրականությունը՝ անկախ նրանից, որ այն քեզ դուրեկան չէ: Հիմա քննարկվում է մի փաստաթուղթ, որի կարեւորությունը Հայաստանի համար բացառիկ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, մասնավորապես, քաղաքական գործունեությամբ զբաղվող, պետք է իր տեսակետը սրա վերաբերյալ բաց, թափանցիկ արտահայտի, ասի՝ ինչին է դեմ, ինչին է կողմ: Չի կարելի փորձել կառչել ինչ-որ մի բանից եւ փորձել խեղաթյուրել ինչ-որ երեւույթներ: Ես կողմնակից եմ պառլամենտական կառավարմանը: Քաղաքական ինչ-որ գործընթացի վերաբերյալ երբ ներգրավված է եղել ծրագրում այդ հարցը, ո՞նց եք պատկերացրել դրա լուծումը: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, Սերժ Սարգսյանը այլ մոլորակ պետք է տեղափոխվեր, նո՞ր այդ հարցը լուծվեր, թե՞ այդ հարցը լուծում չպետք է ունենար մինչեւ նրա հեռացումը: Եթե այդպես է, ինչո՞ւ էին ներառում դա ծրագրում: Քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ անկախ նրանից՝ հանդիպում ես ինչ-որ մեկին, թե չես հանդիպում, դու պետք է քո մոտեցումները, տեսակետները կարողանաս արտահայտել՝ հանգիստ նայելով մարդկանց աչքերին»:
Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանի մոտեցմանը, Արարատ Զուրաբյանն ասաց, որ եթե նա գտել է, որ պետք է դուրս գա ՀՀՇ-ից, դա իր իրավունքն է. «Հարգում եմ նրան՝ որպես անձնավորություն: Մի բան ակնհայտ է, որոշ բաներ կան, որ ես չեմ փորձել մեկնաբանություն տալ, որովհետեւ ինձ համար ցավալի է: Ընկերս՝ Կարապետ Ռուբինյանը, որը մոտ 2 տարի է՝ Հայաստանում չէ, ժամանակ առ ժամանակ է այցելում, ու լավ կլինի, որ այցելելիս մարդիկ իմանան, որ դու այստեղ ես, որ քեզ տեղյակ պահեն ինչ-որ երեւույթների մասին»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ նա անակնկալի էր եկել ինչպես առաջին անգամ, երբ գնացիք նախագահական, այնպես էլ երկրորդ անգամ, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մի բան ակնհայտ է, Հայաստանից Լիբանան չեն կապվում, որ ասենք՝ մենք հանդիպման ենք գնում կամ չենք գնում»:
Ըստ Արարատ Զուրաբյանի՝ ընդդիմությունը սեւին պետք է ասի սեւ, սպիտակին՝ սպիտակ, եւ չպետք է ամեն ինչ խտացնի. «Այն, որ հասարակության բոլոր բարի կամք ունեցող մարդիկ ցանկանում են տեսնել այլ որակի իշխանություն՝ դա փաստ է: Այն, որ բոլորս պայքարել ենք այս համակարգի դեմ՝ դա էլ է փաստ: Թող ոչ ոք կասկած չունենա, որ այս համակարգի դեմ միշտ պայքարելու ենք, որովհետեւ գտնում ենք դա աննորմալ: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվար ամսին դիմում էր Սերժ Սարգսյանին, որպեսզի հանդիպի նրա հետ եւ Ցեղասպանության համապատասխան հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ քննարկում անցկացնի: Ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք որեւէ դատապարտող խոսք չասացին այդ դիմումը հղողին եւ դատապարտում են նրանց, ովքեր հանդիպում են՝ Հայաստանի թիվ 1 փաստաթղթի հետ կապված»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09..2015