Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրայինի պետի, աշխատակիցների գործով դատախազի ջրերը նախկին դատախազ-փաստաբանի առվով չեն հոսում

Հոկտեմբեր 01,2015 14:00

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Ալբերտ Յուրիկի Սլոյանին 2013 թ. օգոստոսի 22-ին տրված ՀՀ քաղաքացու անձնագիրը կեղծ է, իսկ պաշտպանության նախարարության Էրեբունու զինկոմիսարիատի պատասխանի համաձայն էլ՝ զինհաշվառման վերաբերյալ փաստաթղթում առկա կնիքն ու դրոշմը չեն համապատասխանում իրենց կնիքին ու դրոշմին:

ՀՀ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժնի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի, աշխատակիցներ Գոհար Զարգարյանի, Սոֆյա Ունուսյանի, Աիդա Սարգսյանի, ոստիկանության տեսուչ Վահագն Մելքոնյանի եւ ազգությամբ եզդի, թոշակառու Նավո Սլոյանի մասնակցությամբ երեկ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «կեղծ անձնագրի գործով» դատական հերթական նիստը:

Մեղադրանքի հիմքում ընկած է այն, որ Նավո Սլոյանը թոռան՝ Ալբերտ Սլոյանի անվամբ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ կաշառք տալու միջոցով, այն դեպքում, երբ իր երեկվա հայտարարությամբ, թոռը տասներեք տարի հանրապետությունում չի գտնվում:
Անձնագրայինի պետն ու նրա երկու պաշտպանները, մասնավորապես նախկին զինվորական դատախազ, ներկայումս ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժաննա Կոտիկյանը (երկրորդ պաշտպանը Սիմոն Ամիրխանյանն է) պնդում էին, որ 2013 թ. օգոստոսի 22-ին՝ անձնագրի տրման օրը, ինչպես նաեւ անձնագրի ձեւակերպման, վավերացման ժամանակ Արտյոմ Սեդրակյանը հանրապետությունում չի գտնվել:
Դատավորը հրապարակեց մեղադրական եզրակացությամբ որպես ապացույց ճանաչված մի շարք փաստաթղթեր: Հատոր վեցն ամբողջությամբ վերաբերում էր անձնագիրը կորցնելու մասին հայտարարությանը, ամբաստանյալի թոռան կողմից անձնագրային բաժնին ուղղված դիմումին, անձնագրի կորստյան կապակցությամբ կազմված գործին: Երբ հրապարակվեց կորստյան դիմումը, դատախազն ասաց՝ «իբրեւ թե Սլոյանը դիմել է, որպեսզի հաշվառվի ռեգիստրում: Ալբերտ Սլոյանն այդ ժամանակ հանրապետությունում չի եղել»:

5-1-2

Որքան հասկացանք, խոսքը 2013 թ. օգոստոսի 6-ի դիմումի մասին է: Անձնագրայինի աշխատակից Սոֆյա Ունուսյանն էլ ասաց, թե օգոստոսի 8-ին է տեսել այս փաստաթուղթը, եւ հարց տվեց՝ եթե մակագրվել է օգոստոսի 6-ին իրենց աշխատակից Գոհար Զարգարյանին, ապա ինչո՞ւ չի ասվել, թե անձնագրի կորստյան գործը որտեղ է: Գոհար Զարգարյանն ասաց, թե ինքն է լրացրել եւ իր ցուցմունքով հետագայում կանդրադառնա այդ հարցին:

Ի դեպ, մեկ այլ նախկին դատախազ էլ, ներկայումս փաստաբան Գագիկ Խաչիկյանն էլ պաշտպանում է Գոհար Զարգարյանին:

Նավո Սլոյանը հրաժարվեց, թե հայտարարություն է տվել թոռան անձնագիրը կորչելու մասին: Իսկ Ժաննա Կոտիկյանն էլ ասաց՝ փոխարեն դատախազն ասի, թե ռեգիստրում հաշվառման կանգնելու վերաբերյալ կնիքը կեղծ է, նշում է, թե՝ Ալբերտ Սլոյանը հանրապետությունում չի եղել: Նա նաեւ նկատեց, որ այդ փաստաթղթի վրայից բացակայում է իր պաշտպանյալի՝ Արտյոմ Սեդրակյանի ստորագրությունը:

Պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը փորձեց իր դժգոհությունը հայտնել, ինչի վերաբերյալ դատավորի արձագանքը չուշացավ՝ դժգոհություն պետք չի, այլ՝ դիրքորոշում: Աիդա Սարգսյանի պաշտպանի դժգոհությունն այն էր, որ նախաքննության ժամանակ ամենքը ցուցմունք են տվել, եւ որեւէ մեկը չի առարկել:

Երբ ուսումնասիրվեց մեկ այլ փաստաթուղթ՝ տեսուչի կողմից ստորագրված, համաձայն որի՝ Ալբերտ Սլոյանը փաստացի բնակվել է իքս- հասցեում, դատախազն ասաց. «Կեղծ տեղեկանքը տրվել է տեսուչ Մելքոնյանի կողմից, որ Ա. Սլոյանը փաստացի բնակվում է այդ հասցեում», Ա. Սեդրակյանի պաշտպանը հակադարձեց, նկատելով, որ տվյալ փաստաթուղթը օրինական է, քանի որ օրինական ճանապարհով է մուտքագրվել, առկա է ոստիկանության պետի՝ Յազիչյանի ստորագրությունը, այլ հարց է, թե պատասխանում նշվածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Սլոյանի ձեռագիր դիմումում գրվել էր. «Ինձ անհայտ պայմաններում կորցրել եմ, չունեմ այլ քաղաքացիություն»: Սլոյան պապը ոտքի կանգնեց, ասաց՝ «ես դիմում չեմ բերել»: «Բա ո՞վ է բերել»,- հարցրեց անձնագրայինի նախկին պետը: «Ո՞վ, ո՞վ», -հարցրեց ազգությամբ եզդի ամբաստանյալը: Վերջինն, ի դեպ, նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, թե Ա. Սարգսյանին 200 դոլար տալով՝ կարողացել է ՀՀ -ում չգտնվող թոռան համար անձնագիր ձեռք բերել:

Արտյոմ Սեդրակյանը մի քանի անգամ ասաց, որ մակագրում եւ ստորագրում է այն դիմումները, որոնք անձամբ քաղաքացուց ընդունում են անձնագրավարուհիները, իսկ իր կողմից կատարված մակագրություններն էլ անհրաժեշտ, պարտադիր գործողություններ են: Մակագրության ժամանակ պետի մոտ քաղաքացիների ներկայությունը պարտադիր չէ:
Մի քանի անգամ, երբ հայտարարություններով փորձեց հանդես գալ Ժաննա Կոտիկյանը, դատախազ Է. Արամյանը հանդես եկավ առարկություններով, մի անգամ էլ գրեթե վիրավորական տոնով դատավորին դիմելով. «Ոնց տեսնում եմ, պաշտպանական կողմն է որոշում, թե Ձեր փոխարեն ինչ փաստաթղթեր ներկայացվեն»: Դատավորը նկատեց, որ իրեն պաշտպանել պետք չի, եւ որ հայտարարությունը վերաբերում էր այն լրացնելուն:
Համարյա առանց վեճի ներկայացվեց դատաձեռագրաբանական, դատատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունների «հետեւություններ» հատվածը:

Փորձաքննության ներկայացվածն ավելի աղմկոտ էր:

2014 թ. հուլիսի 16-ին նշանակվել էր փորձաքննություն, իսկ հուլիսի 30-ին այդ եզրակացությամբ հաստատվել էր, որ Սլոյանի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագրի կորստյան դիմումում անձնագրային գործողությունների վերաբերյալ քարտի դարձերեսին դրված կլոր կնիքն ու ուղղանկյուն դրոշմակնիքը չեն համապատասխանում փորձաքննության ներկայացված կլոր կնիքի եւ ուղղանկյուն դրոշմակնիքների դրոշմներին: Կնիքների վաղեմությունը որոշել չի հաջողվել, իսկ առհասարակ, զինկոմիսարիատում առկա չի եղել կնիքների շտեմարան:

Հարցերի հարցն այս գործում հետեւյալն է. ո՞վ է Էրեբունու զինկոմիսարիատում Սլոյանի անվամբ կազմված դիմումում զինկոմիսարիատի կեղծ կնիքն ու դրոշմակնիքը դրել, ում կողմից է նշված տարածքի զինկոմիսարի կողմից կնիքների վրա կեղծ ստորագրություն արվել:

Մինչդեռ, կալանք է ընտրվել միայն մեկի՝ անձնագրայինի պետի նկատմամբ, որն էլ գտնվում է դեռ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031