Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը» «հարություն» տվեց եղեռնազոհ Երուխանին

Հոկտեմբեր 01,2015 13:30

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը 100-ամյակի մատենաշարի հերթական գիրքն է հրատարակել՝ «Փոքր Ասիոյ մէջէն» վերնագրով: Այն ամփոփում է եղեռնազոհ գրող, արեւմտահայ գրականության կարկառուն դեմքերից մեկի՝ Երվանդ Սրմաքեշխանլյանի (Երուխան) 4 նորավեպերը («Ժանգոտ հրացան», «Տէր պապային հինգերորդ տունը», «Կտակը», «Անձնուիրութեան «ժեսթը») եւ հոդվածները:

Հայտնի է, որ 25-ամյա գրական վաստակին զուգահեռ՝ Երուխանը նաեւ լրագրողական գործունեություն է իրականացրել: Ժամանակին դաշնակցական մամուլի համար հոդվածներ գրող Երուխանը «Ժամանակին» թղթակցել է 1913-ից, երբ Խարբերդում մանկավարժական գործունեություն էր ծավալել: Նրա քաղաքական, հասարակական բնույթի հոդվածներում սրտացավ հայորդու մտածումներն ու պոռթկումներն են: Ընդ որում, Երուխանի 1913թ. հոդվածները գրվել են այն շրջանում, երբ վերաարծարծվում էր Հայկական հարցը եւ բանակցություններ էին ընթանում, որոնք հետո պետք է հանգեցնեին 1914 թվականի հունվարին հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված Ռուս-թուրքական համաձայնագրին, ըստ որի՝ Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (առաջինն ընդգրկում էր Էրզրումի, Տրապիզոնի եւ Սեբաստիայի (Սվազ), երկրորդը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի եւ Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի ընդհանուր տեսուչների:

Վերջիններիս նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ: Երուխանի փաստմամբ, այդ ժամանակաշրջանը արեւմտահայության ամենատագնապալի շրջանն էր: Հոդվածներից մեկում Երուխանը գրել է. «Եղբայրութւն հայերուն եւ թուրքերուն մէջ, ի՜նչ իտէալ, որուն բազկատարած ու հոգեւին վազեցինք մէկ տարիէ ի վեր ու մեր այդ վազքին մէջ բազուկներնիս կտրտուեցան յանկարծ ու ինկանք երեսն ի վար: Ատիկա պատահելու չէ՛ այլ եւս. իտէալի մը սիրոյն զոհուիլ, բայց ոչ ջնջուիլ: Սպանդանոցներու մէ՞ջ պիտի փնտռէինք իտէալներու իրագործումը, երբոր ուրիշներ բռունցք կը ցուցնեն այդ իտէալներուն»:

yeruxan2
Երուխանը հայոց ցեղի արատներին էլ է անդրադառնում ու թույլ տված սխալներին, բայց այդ ամենն անում է հակառակը տեսնելու փափագով, նա համոզված է, որ շատ արատների պատճառն անհետեւողականությունն է, ազգային համագործակցության պակասը, անընդհատ դեպի հետ վազելը. «Մեր ցեղը տառապեցնող կարգ մը անբուժելի թերութիւններուն մէջ լայն տեղ մը կը գրաւէ հետեւողական ոգիին չգոյութիւնը: Եվ անհետեւողականութիւնը պարզապէս սիսթեմի ոգիին բացակայութեան արգասիք է: Ո՞ր հայդ կրնայ պնդել որ մեր ցեղը ուղիղ եւ որոշ գծի մը հետեւած է իր ընդհանուր կեանքի ընթացքին մէջ: Մէր բոլոր քայլերը, նոյնիսկ անոնք որ գոյութիուննիս ապահովելու պիտի ծառայէին, մոլորուն են, դողդոջական եւ անյարիր: Գերազանցապէս զգացումի հնազանդող, տպաւորութեանց ենթակայ, յեղյեղուկ, անկապակից, անհետեւողական ենք»: Գրողը քննադատում է հայ հոգեւորականությանը, բայց հակված չէ մտածելու, որ ազգային դժբախտությունների պատճառը հենց նրանք են. «Եթէ կը կարծուի որ ազգային բարոյական ու մտաւորական բարձրացման համար նախեւառաջ հարկ անհրաժեշտ է սկսիլ հայ կղերին գլուխը ճզմելէ, տղայական սխալ մը գործուած կըլլայ: Այդ ազգօգուտ գետնին վրայ ինչե՜ր կան ընելիք՝ մինչեւ կղերին հասնելու համար: Եւ նախ կղերականութեան բուռն կշտամբանքներ ուղղելու համար հարկ է որ մենք աշխարհականներս ամէն տեսակով ամբասիր դասակարգ մը ներկայացնենք»:

Երուխանի հոդվածները յուրատեսակ SOS են՝ ուղղված իր ժողովրդին: Օրինակ, նա հատուկ է շեշտում այն հանգամանքը, որ մարդկության մեջ էլ գործում են բնության դաժան օրենքները. «Մեծ ազգերը կը ձգտին, կը մղուին կուլ տալ փոքր ազգերը… Մեծ ազգերը կը ներկայացնեն սարդի ոստայնը, որուն առէջներուն մէջ բռնուող փոքր ազգերը ազատում չունին՝ անգամ մը որ օձիքնին ձեռք տան: Խնդիրը այդ մահացու ոստայնին վտանգաւոր օղակներէն հեռու մնալուն վրայ է»:

«Փոքր Ասիոյ մէջէն» հատորը կազմել, խմբագրել ու ծանոթագրել է բանասեր ու գրականագետ Սեւան Տէյիրմենճեանը, առաջաբանի հեղինակն է սփյուռքահայ բանասեր Վարդան Մատթէոսեանը, գրքի ձեւավորումը՝ նկարիչ Արէտ Կըճըրիինն է: Գրքի հրատարակումը Երուխանի հանդեպ հիշատակի ու հարգանքի տուրք է, նահատակվելուց հարյուր տարի անց նրա գրական ու հասարակական վաստակը արժեւորելու ձեռնարկ:
«Օրուան հարցերուն զուգընթաց քայլող Երուխանի գրութիւններուն այս մէկտեղումը ո՛չ միայն շահեկան վկայութիւն մըն է օսմանեան սահմանադրական շրջանի՝ հայութեան դիմագրաւած տագնապալի հարցերուն եւ մտահոգութիւններուն մասին, այլեւ անոնց հանդէպ գրագէտին յանձնառու ու սկզբունքային վերաբերումին մասին: Նաեւ, իր կարգին, հարիւրամեայ հեռաւորութենէ մեզի կը բերէ ժամանակակից հնչեղութիւն ունեցող հարցեր»,- գրել է Վարդան Մատթէոսեանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031