Հավաստիացնում է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կրթած Արմանուշ Հակոբյանը
Կատարողական արվեստի յուրաքանչյուր ժանր, անկախ լսարանի չափից, «ապրում» է, իսկ շոու-բիզնեսը ոչ միայն ամենամեծ լսարանն ունի, այլեւ քննարկվողն է: Հաճախ են քննադատվում շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ սկսած անձնական կյանքից մինչեւ ստեղծագործականը: Այս առիթով իր բացատրությունն ունի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի դոցենտ Արմանուշ Հակոբյանը, որն իր մանկավարժական գործունեության 30 տարիների ընթացքում (Երեւանի էստրադային- ջազային արվեստի քոլեջ, Երգի պետական թատրոն, ապա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, արդեն 20 տարի՝ կոնսերվատորիա) ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ, միջազգային մրցույթի 25 դափնեկիր եւ Հայաստանի 6 վաստակավոր արտիստ: Արմանուշ Հակոբյանի դասարանում են ուսանել հայաստանյան շոու-բիզնեսի հայտնի անուններ Նունե Եսայանը, Վարդուհի Վարդանյանը, Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Աիդա Սարգսյանը, Արսեն Սաֆարյանը…բոլորին հնարավոր չէ թվարկել:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմանուշ Լեւոնովնան (նրան մշտապես այդպես են դիմում) չթաքցրեց, որ մեր շոու-բիզնեսում կան եւ լավ երգիչներ, եւ… (որակում չտվեց): «Այսօր այդ դաշտն այնքան մեծ է, նույնիսկ տեսահոլովակներ են տարածվում սոցցանցերի միջոցով եւ այս ճանապարհով էլ է կատարողը ճանաչում ստանում: Եկեք շոու-բիզնեսին շատ չար հայացքով չնայենք: Կատարող կա, որ ունի ընդամենը մի երկու տասնյակի հասնող լսարան, երգիչներ էլ կան, որ նրանց մենահամերգներին նույնիսկ ստադիոնները ի զորու չեն բավարարել բոլոր ցանկացողների ներկայությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե յուրաքանչյուրը չէ, որ աստղ է եւ հարկավոր էլ չէ ամեն մեկից ակնկալել աստղային կատարումներ:
Արմանուշ Լեւոնովնայի խոսքով, այս դաշտը «տեղը կընկնի» միայն մի դեպքում՝ երբ լրատվամիջոցները՝ TV-ներն ու ռադիոները եթերաժամանակ հատկացնեն միայն ու միայն լավագույններին:
Այսօր երգեր են գրում բոլորը, հաճախ էլ կատարողն է ներկայացնում իր երգը սեփական տեքստերով: Դրանք միանշանակ պարզունակ, ոչինչ չասող գործեր են: Գուցե առաջին հերթին նման ինքնագործունեությունն է բացասական իմաստով անդրադառնում շոու-բիզնես կոչվածին: Այս դիտարկմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցը փաստեց, որ վերջերս իր երկու ուսանողներ վերադարձել են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված «Իտալիայի արեւ» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ-փառատոնից: Նշեց, որ ժյուրիի կազմում ավստրիացի, ղազախ, ֆրանսիացի, իտալացի մասնագետների թվում նաեւ ինքն է եղել, հետո էլ մանրամասնեց. «Փոփ երգիչ» անվանակարգում իմ դասարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մերի Սարդարյանը եւ մասնագիտությամբ դիրիժոր Մարիամ Հարությունյանը, որը դարձյալ ինձ մոտ է ուսանում, արժանացան առաջին մրցանակների: Ընդ որում, Մարիամը՝ «Հեղինակ կատարող» անվանակարգում, որը ներկայացրեց սեփական երեք երգերը: Այսինքն, ոչ միայն կոմպոզիտորական, այլեւ հեղինակային երգերն էլ իրենց տեղն ունեն: Այլ հարց է, որ հաճախ ոմանք մատուցում են հեղինակային իսկապես պարզունակ երգեր: Իսկ Մերին ներկայացրեց հայտնի հիթեր Լարա Ֆաբիանիի, Թինա Թյորների, Քրիստինա Ագիլերայի երգացանկից»:
Արմանուշ Լեւոնովնան զրույցի ընթացքում հպարտորեն շեշտեց, որ այսօր կոնսերվատորիայում դասավանդում են նաեւ իր ուսանողները՝ Էմմա Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լուսինե Կչոզյանը եւ Հռիփսիմե Ելինյանը: Միեւնույն ժամանակ հիշեց, որ էստրադային- ջազային արվեստի քոլեջում ժամանակին իր կոլեգաներն էին Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը եւ մեր մյուս ճանաչված դեմքերը, դասավանդել է ճանաչված երաժիշտներ, կիթառահար Ակսել Բակունցի, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ:
Անդրադառնալով Իտալիայում կայացած մրցույթին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքն ու իր մրցանակակիր ուսանողները հրավիրվել են մեկ ամիս անց Վիեննայում կայանալիք մեկ այլ մրցույթի:
Հետաքրքրությանը, թե տասնամյակներ անց չի՞ ափսոսում, որ թողել է դասական երգչի իր կարիերան եւ նվիրվել մանկավարժական գործունեությանը, Արմանուշ Լեւոնովնան պատասխանեց կարճ ու կոնկրետ. «Պետք է կատարես մի գործ, այն էլ՝ շատ լավ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Արմանուշ Հակոբյանը (կենտրոնում)՝ Մերի Սարդարյանի (ձախից)
եւ Մարիամ Հարությունյանի հետ:
«Առավոտ» օրաթերթ
30.09..2015