Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի ոչ մի հասարակական խավ դուրս չմնա առողջ ապրելակերպի շարժումից

Հոկտեմբեր 01,2015 12:30

ՀՀ նախագահի կարգադրությամբ «Լավագույն մարզական ընտանիք» ավանդական մրցույթին այս տարի ավելացել են մասսայական մեկնարկների եւս երկու ծրագրեր. «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» եւ «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթները:

Դրանց էության մասին «Առավոտը» խնդրեց պատմել Անկախության օրվա առթիվ օրերս «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի» կոչման արժանացած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանին:

– Ո՞րն էր երկու նոր մասսայական մրցույթներ հիմնելու պատճառը:

– Առողջ ապրելակերպն արմատավորելն ու տարածելը մեր առաջնային խնդիրներից է: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 12 տարիների ընթացքում ցույց տվեց, որ մասսայական ընտանեկան մեկնարկները մեծ ընդունելության են արժանանում հանրության շրջանում: Սա մի նոր քայլ է հանրության ավելի լայն խավերին այդ ոլորտ ներգրավելու ուղղությամբ, որպեսզի հասարակության ոչ մի շերտ դուրս չմնա այս շարժումից: Այդ թվում՝ նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք եւ մանկահասակ երեխաները:

– Ի՞նչ միջոցներով են դրանք կյանքի կոչվում:

– Եթե նկատի ունեք հատկացվող գումարները, ասեմ, որ դրանք խնայվել են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեից: Այսինքն, ոչ մի լրացուցիչ լումա չի ծախսվում:

– Ի՞նչ փուլում են այդ երկու նոր ծրագրերը:

– Նախարարությունը նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել է: Կանոնադրությունը եւ նախահաշիվները ժամանակին ուղարկվել են մարզեր: Տեղերում կազմակերպվել են համապատասխան քննարկումներ, եղել առաջարկներ, թե որ մարզը ինչ քանակով եւ որ մարզաձեւերից կարող է մասնակցել: Արդյունքում որոշվել են մարզաձեւերը: Օրինակ, հաշմանդամություն ունեցող մարզիկները կմրցեն լող, դարտս, սեղանի թենիս, շախմատ, շաշկի, բասկետբոլ մարզաձեւերում: Ինչ վերաբերում է լավագույն նախադպրոցական հիմնարկներին, հասկանալի է՝ մանուկների համար ընտրվել են հիմնականում խաղային՝ շարժողական ու ճկունությունը զարգացնող մրցաձեւեր:

– Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու եզրափակիչ փուլերի մասնակիցները:

– Հաշմանդամություն ունեցող մարզիկները միանգամից կմասնակցեն եզրափակչին, իսկ նախադպրոցական հիմնարկներն արդեն մրցում են համայնքային եւ մարզային փուլերում, որոնց հաղթողները եզրափակչին մասնակցելու իրավունք կնվաճեն: Հատկապես հաշմանդամների համար ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզանում նրանց թիվն այնքան շատ չէ, որպեսզի նախնական փուլեր կազմակերպենք:

– «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում պատկառելի դրամական մրցանակներ կան սահմանված: Իսկ այստե՞ղ:

– Այստեղ էլ նույնն է լինելու: Օրինակ, թիմային պայքարում, ինչպես, օրինակ, բասկետբոլն է, հաղթողներին եւ մրցանակակիրներին գավաթներից բացի, կտրվի համապատասխանաբար՝ 450, 405, 360 հազար դրամ թիմային մրցանակ: Թիմային ու անհատական դրամական նշանակալի մրցանակներ են սահմանված նաեւ մյուս մրցաձեւերում, որը, իմ կարծիքով, լուծելու է մասնակիցների կենցաղային շատ խնդիրներ:

– Որտե՞ղ են անցկացվելու եզրափակիչները:

– Հաշմանդամություն ունեցող մարզիկները հոկտեմբերի 8-ից 11-ը կմրցեն Ծաղկաձորի մարզաբազայում, իսկ նախադպրոցական հիմնարկների եզրափակիչը կկայանա Երեւանում, հոկտեմբերի 20-22-ին: Պարգեւատրությունների թեման ավարտելով՝ տեղեկացնեմ, որ այս մրցույթի առաջին փուլում լավագույն եռյակը կազմած նախադպրոցական հիմնարկները ըստ գրաված տեղերի հաջորդականության պարգեւատրվում են 100, 80 եւ 60 հազար դրամով, մարզային փուլում՝ 140, 120 եւ 90 հազար, իսկ եզրափակչում, համապատասխանաբար, 550, 450 եւ 350 հազարական դրամով:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031