Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՌԴ-ն չեն ապահովում ՀՀ անվտանգությունը, պաշտպանության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը չի գործում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը մեկնարկեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առկայության պայմաններում: Ադրբեջանական կողմի արկակոծման հետեւանքով զոհվեցին չորս զինծառայողներ, 16-ը վիրավորվեցին։ Սեպտեմբերի 24-ին էլ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից երեք խաղաղ բնակիչ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հայկական կողմը դիմելու է պատժիչ գործողությունների, որպեսզի «հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»:
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել նախապատրաստական աշխատանքները համանախագահների հետ՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու համար։ Ակնկալվում է, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարվա ավարտը։ «Համանախագահները կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։ Առանց նման մեխանիզմի կողմերը կշարունակեն իրար մեղադրել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում մահացու հարձակումներ նախաձեռնելու մեջ։ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, եւ մենք կոչ արեցինք Ադրբեջանին նույն կերպ վարվել»,- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո արձանագրեցին համանախագահները։
Հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ստեղծումը իրապես ադրբեջանական կողմի սադրիչ կեցվածքը զսպող գործիք կարող է դառնալ: Այս առաջարկը բխում է հայկական կողմի շահերից, ինչը չի կարելի պնդել ադրբեջանական կողմի դեպքում: Դա է թերեւս պատճառը, որ պաշտոնական Բաքուն նշյալ առաջարկի առնչությամբ անմիջապես պայմաններ առաջ քաշեց: «Բաքուն կարող է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման խնդիրը, եթե այն չի արդարացնելու ադրբեջանական տարածքների օկուպացումը»,- հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով. «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահները, եւ չի արդարացնելու օկուպացումը»:
Կարդացեք նաև
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոնշյալ առաջարկի ներկայացումը կարող է ոչ միայն դուր չգալ պաշտոնական Բաքվին, այլեւ Մոսկվային։
Երկու ամիս առաջ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում, երբ հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ, պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայաստանի իշխանություններին նման առաջարկ էր արվել: Դավիթ Տոնոյանը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանման հարցում եւ պատրաստ է աջակցել համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմանը: Այսինքն՝ ամերիկացի պաշտպանական եւ արտաքին քաղաքական գերատեսչություններում կայացած հանդիպումների ընթացքում կոնկրետ քննարկվել էր ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը: Այժմ արդեն նշյալ գաղափարը ներկայացվում է ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից՝ որպես հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ստեղծում:
Մինչ տեւական ժամանակ ակնկալում ենք ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին ի պատասխան համարժեք գնահատական ու քայլեր, Միացյալ Նահանգների կողմից ԵԱՀԿ-ի շրջանակներում առաջ քաշվեց կոնկրետ մի գաղափար, որի իրագործման դեպքում հնարավորություն կստեղծվի ալիեւյան ռեժիմի սանձարձակ պահվածքը կանխել:
Այստեղ հետաքրքրական կլինի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում ռուսական կողմն, իհարկե, չէր կարող ընդդիմանալ այդ գաղափարին, ինչը կնշանակեր, որ Մոսկվան Ադրբեջանի իշխանությունների` սահմանում շարունակական ռազմական թեժ իրավիճակը պահպանելու բացահայտ կողմնակիցն է: Իսկ թե ինչ դիրքորոշում ունի իրականում Մոսկվան «ընդհատակից» այդ առաջարկի վերաբերյալ՝ թերեւս, ավելի ուշ պարզ կլինի:
Իսկ առայժմ պաշտոնական Մոսկվան այս առիթով չի արտահայտվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոնել նոր որոշումներ ու իրագործել արդեն ձեռք բերված որոշումները՝ նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ինքը ուրախ է, որ կարող են ձեռնարկել հավելյալ քայլեր՝ առաջ շարժվելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացում. «Համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին՝ խոսում ենք ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ այդ ուղղությամբ գործադրված Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»:
Թե Ադրբեջանի հետ բավական ջերմ հարաբերությունների պայմաններում ինչո՞ւ ՌԴ իշխանությունները որեւէ դատապարտող հայտարարությամբ չեն հանդես գալիս ալիեւյան ռեժիմի` ռազմական ռեւանշի բացահայտ քաղաքականության առիթով, այս հարցն արդեն իսկ դարձել է հռետորական:
Ավելին՝ դեռ այս պայմաններում պաշտոնական Երեւանը պարտավորված է զգում պատվոգրեր հանձնել ՌԴ ներկայացուցիչներին: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում օրերս մասնակցել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նա իր գործընկերներին տեղեկացրել էր վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետեւանքով Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի եւ այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին էր հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։
Վերջին օրերին գրեթե պատերազմական իրավիճակում Հայաստանի ռազմավարական դաշնակից ռուսական կողմի անգործության պայմաններում նման պարգեւատրումները, իսկապես, անհասկանալի են: Ադրբեջանական կողմից պատերազմական գործողությունների պայմաններում Ռուսաստանի լռությունը, մինչդեռ, վկայում է, որ պաշտպանության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը չի գործում:
Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին արձանագրություն, որով Ռուսաստանը պարտավորվեց ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Փոխարենը Երեւանը համաձայնեց 25 տարով երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը՝ մինչեւ 2044 թվականը։ Սակայն այսօր, փաստացի, թե՛ ՀԱՊԿ-ի պայմանագիրը, թե՛ 1995 թվականին կնքված, ապա 2010-ին լրամշակված պայմանագրերը չեն գործում, քանի որ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09..2015