Այս հարցին փորձել է անդրադառնալ Healthy Food Team կայքը, համաձայն որի՝ սննդաբան Կերի Գանսը, ով բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է, պարզաբանում է, թե ինչ է կատարվում մարմնում արագ սնունդն ընդունելուց անմիջապես հետո, եւ թե ինչպես է այն մեր առողջության վրա թողնում երկարաժամկետ հետեւանքներ:
Ուղեղ
Կա մի պատճառ, թե ինչու է արագ սնունդը «հարմար սնունդ» համարվում: Կարմիր մսով բրդուճը լի է ամինաթթուներով, որոնք խթանում են սերոտոնինի արտազատմանը, ինչպես նաեւ այն պարունակում է երջանկության հորմոն, ահա՛ թե ինչու եք մի պահ ձեզ ավելի լավ զգում:
Սիրտ
Կարմիր միսը պատված է հագեցած յուղով: Ուտելով ճարպով գերհագեցված միսը՝ մեծանում է երկարատեւ սրտային հիվանդություն եւ ինսուլտ ձեռք բերելու ռիսկը, ինչպես նաեւ կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը:
Բրդուճները, որոնք լի են աղով, ջրի կուտակում են առաջացնում օրգանիզմում, դուք ձեզ դրանից փքված եք զգում, եւ ձեր սիրտն ավելի դժվար է աշխատում, որից էլ բարձրանում է արյան ճնշումը:
Արյան շրջանառություն
Ընդամենը մեկ արագ սնունդ ընդունելուց հետո մեծ վնաս է հասցվում զարկերակներին՝ ըստ 2012 թ. արված մի ուսումնասիրության արդյունքների, որը հրապարակել է Canadian Cardiology ամսագիրը:
Ժամանակի հետ կարմիր մսի մեջ եղած հագեցած ճարպը մեծացնում է վնասակար խոլեստերինի մակարդակը: Կարմիր մսի դրական կողմն այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, վիտամին B12 եւ ցինկ, որն ամրացնում է իմունային համակարգը:
Արյան շաքար
Համբուրգերից զտված ածխաջրերն արագ մարսվում են եւ պատճառ դառնում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Երկար ժամանակ հետո դա կարող է 2 տեսակի դիաբեդի զարգացման պատճառ դառնալ:
Ոսկորներ եւ մկաններ
Կարմիր միսը հարուստ է սպիտակուցներով, մատակարարում է ակնթարթային էներգիա եւ օգնում է զարգացնել ոսկորները եւ մկանները:
Մարմնի կշիռ
Արագ սնունդը չափազանց շատ կալորիաներ է պարունակում: Ժամանակի հետ ավելցուկային կալորիաները կարող են հանգեցնել գիրության, որի պատճառով էլ մարմինը լուրջ հիվանդություններ ձեռք բերելու վտանգի տակ կգտնվի:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.09..2015