Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանն անդրադարձավ Չիրագովի գործով ՄԻԵԴ որոշմանը, նաև նշեց, որ այդ որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել՝ պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները:
Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները շահարկե՞լ են այս հարցը, դա՞ է պատճառը, որ անդրադարձել է այս խնդրին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Այդ հարցը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես հակաքարոզչական հնարք: Մենք բազմաթիվ անգամներ լսում ենք, որ Չիրագովի գործի հետ կապված հատկապես ՄԻԵԴ վճիռը ադրբեջանցիներն օգտագործում են Ղարաբաղյան հիմնահարցը խեղաթյուրելու համար: Ես այսօր հիշեցրի նաև Սարգսյանի գործը, որ նույնաբովանդակ վճիռ է կայացվել նաև, և այդ մասին Ադրբեջանը լռում է»: Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է ընդհանրապես ադրբեջանցիների պահվածքը այս նստաշրջանի ընթացքում, Վահան Բաբայանը պատասխանեց. «Վախվորած»: Սակայն նա չցանկացավ կոնկրետ խոսակցություններ ու միջադեպեր թվարկել այս մասին՝ նշելով, որ չէր ցանկանա կենցաղային բաներ պատմել, քանի որ ԵԽԽՎ-ն լուրջ հարթակ է:
Վահան Բաբայանը նաև փոխանցեց, որ սոցիալական հանձնաժողովում վաղը նախատեսվում է քննարկում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հետ կապված:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ