Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հերթական համաժողովում քննարկվել են տարբեր տարիքային խմբերի հավաքականների մրցելույթները:
ՀԲՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, հավաքականների մարզիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը՝ ապա ելույթ է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Նա հավաքականի մարզիչներին հորդորել է, որպեսզի միջազգային մրցումների մեկնելիս հավաքականների կազմում ընդգրկվեն միայն լիովին պատրաստ մարզիկները: Արթուր Գևորգյանը մարզիչներին կոչ է արել՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել բռնցքամարտիկների կարգապահությանը: Ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է նաև առաջիկա աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության կազմը: Նա նշել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի մնալ մեր ընտրանու ղեկին, բայց որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհի առաջնությունում հավաքականի հետ կլինի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը :
Ֆեդերացիայի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշում է կայացվել հետագայում ստեղծել մարզչական խորհուրդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ