«Թո՛ղ սալյուտ տան, բայց այն ծախսերը, որոնք աննպատակահարմար են անել այս իրավիճակում, թերեւս դրանում կասկած չկա»
«Պարոն Սուքիասյանը, կարծում եմ, բացարձակապես իրականությանը չհամապատասխանող փաստարկներ է բերել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հայտարարությանը, ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե Երեւանում կանցկացվի «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունը՝ գունեղ, մշակութային եւ տոնական ծրագրերով լեցուն:
Նա նշել է, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանին կոչ են անում բարեգործություն կատարել, սակայն քաղաքապետարանը դրա իրավունքը չունի: Քաղաքապետարանը իրավունք չունի նաեւ նվիրատուների կոնկրետ նպատակով տված գումարը տալ մեկ այլ նպատակի:
Կարդացեք նաև
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ միակ բանը, որ ճշմարիտ է՝ այն է, որ 3 ամիս է սկսել են նախապատրաստվել տոնակատարությանը. «Երեւանը կարող է օգնել, ի վերջո ինչպե՞ս է տեղի ունենում համագործակցությունը այս կամ այն համայնքի հետ: Մենք այլ համայնքներից նվերներ ենք ստանում, այլ համայնքներին նվերներ ենք փոխանցում, դա նաեւ անում ենք Ստեփանակերտի հետ, եւ այսպես շարունակ: Եվ վերջին հաշվով ինքը՝ քաղաքապետն էլ է խոստովանել, որ բազում ծրագրեր կապ ունեն սահմանների հետ՝ նույն ծնողներին փոխադրելը զինակոչիկներին տեսակցության եւ այլն: Այսինքն՝ կան ծախսեր, որոնք արվում են, եւ որեւէ հակասություն երբեւէ չի մատնանշվել, որ օրենքն արգելում է մեզ սա անել: Առավել եւս՝ անհաջող եմ համարում այդպես էլ հանրությանը անհայտ մնացած բարերարների փաստը: Շատ ծիծաղելի է, այս երկրում բարերարությունը ցուցքի է վերածված ոտքից գլուխ, եւ եթե 1 ասեղ են նվիրում կես ժամ հեռուստատեսությամբ գովազդ են անում, եւ պարզում է, որ տարիներ շարունակ մենք ունենք բարերարներ, որոնք այսպես ասած երեւանցիներին տոն են պարգեւում, եւ նախընտրում են ժողովրդից գաղտնի մնալ: Սա ուղղակի, կներե՛ք, ծիծաղելի է: Սա ուղղակի անհաջող փորձ է արգելքը բարերարների ցանկության վրա գցելու»:
Նա ասաց, որ միայն հոբելյանական տարիներն են ճոխությամբ նշվում, իսկ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը՝ չնայած հոբելյանակա՞ն է, թե՞ ոչ ճոխությամբ է նշվում: Նա նկատեց, որ եվրոպական երկիրները գոտիները ձգելով են ճգնաժամը հաղթահարել. «Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մենք ասում ենք՝ չէ՛, պետք է տոնենք: Տոնե՛ք»:
Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ խնդիրն այն է, որ հասարակությունը հասկանա, որ օդ կրակվող փողերն իրենց ոչինչ չեն տալու, քան պահի հաճույքը. «Այդ փողերն ավելի ռացիոնալ եւ նպատակային կարող են օգտագործվել բազում մարդկանց կարիքներ լուծելու համար, թեկուզ մի 100 ընտանիք արտագաղթից հետ պահելու համար: Հազարավոր ծրագրեր կարող են անել: Ես երբեք արգելքների կողմնակիցը չեմ եղել, եւ եթե որեւէ մեկն ուղղակի այլ բարոյական արժեհամակարգով է առաջնորդվում իր վարքագծում, ապա դա իր խղճի գործն է: Պարզապես հետագայում թո՛ղ ոչ մեկ չբողոքի, ոչ մեկ չնվնվա, ոչ մեկ չպահանջի: Թո՛ղ բավարարվեն այսպես տեսարան եւ խրախճանք մոդելով: Եթե իրենց գոհացնում է սա, ապա թող գոհանան, եթե մեծամասնություն կազմեն այդպիսի մարդիկ, ապա թո՛ղ շարունակեն պարտադրել, որ քաղաքապետարանն այդ տոնն անի: Ի դեպ, ոչ ոք չի ասում՝ թո՛ղ տոն չանեն, արե՛ք, իրենք իրենց ամեն մի խնջույքի ժամանակ են սալյուտ արձակում գիշերվա 1000 ժամին՝ կերած, խմած, կուշտ, արբեցած վիճակներում: Թո՛ղ սալյուտ տան, բայց այն ծախսերը, որոնք աննպատակահարմար են անել այս իրավիճակում, թերեւս դրանում կասկած չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ԱՅ ԱԽՊԵՐ էտ փղերը խի նոր էն լափել ետ վոնց պետքա վերադարձնեն հո չպիտի մատ տան հետ տան