Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում . Հ. Նաղդալյան

Սեպտեմբեր 30,2015 20:14

Արդեն երրորդ օրն է Ստրասբուրգում իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ինչպես եվրոպացի, այնպես էլ մեր` հայ պատվիրակության անդամները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված սուր քննադատական ելույթներով:

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում» թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց  ադրբեջանական ապակողմնորոշիչ հայտարարությունների վրա `ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների առիթով, որակելով այդ հայտարարությունները անպատվաբեր տվյալ երկրի համար:

Տիկին Նաղդալյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես եկավ երկու որոշումներով ` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»:

Հարկ եմ համարում անդրադառնալ այս խնդրին, քանի որ դրանից հետո ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ շահարկումների, որոնց նպատակն է խեղաթյուրել իրականությունը:

Տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:

Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և նրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: Սա Բաքվի` շահարկումների  քաղաքականության վառ դրսևորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր Դատարանը իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»:    Անշուշտ, այսպիսի հղումներ, և անգամ նմանատիպ որևէ բան, Դատարանի վճռի մեջ չկան:

Անհավանական է, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:

Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` Դատարանը ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միևնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

Իրականում փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքներից մեկն է:

Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների ընթացքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930