Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Աջակցություն ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի բացումը

Սեպտեմբեր 30,2015 18:40

Այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Շվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան:

Ծրագրի նպատակն է ամրապնդել մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի բռնությունից: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որ ամենաբարձր՝ Սահմանադրության մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա որևէ դրսևորում:  «Խոշտանգման բացարձակ արգելքներ սահմանված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում: Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին», -ասել է Գ. Կոստանյանը: (Գ. Կոստանյանի ամբողջական ելույթը հետևյալ հղումով):

Այնուհետև տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքի պաշտոնական բացումը:

Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ: Դա նախատեսում է Եվրոպական դատարանում պետության ներկայացուցչի դերի նորովի արժևորում, որը ենթադրում է ներկայացուցչի կողմից  դատարանի վճիռներով սահմանված իրավական դիրքորոշումները և մարդու իրավունքների եվրոպական չափանիշները երկրի իրավական համակարգում ներդնելու գործընթացի կազմակերպման գործառույթի ստանձնում:

Նման նոր մոտեցումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի առջև ծառացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման մարտահրավերը: Մասնավորապես, գանգատների քանակի ավելացումը հանգեցրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատների քննության ժամկետների ձգձգման և, որպես հետևանք, դատարանի իրավական դիրքորոշումների կարգավորիչ ազդեցության թուլացման: Հենց այսպիսի իրավիճակն է մղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առաջ քաշելու այնպիսի նոր սկզբունքներ, որոնք ուղղված են պետության իրավական համակարգի կատարելագործմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Այս հիմնարար խնդրի հաջող իրագործումը կախված է մի շարք հիմնարար պահանջների իրացումից: Մասնավորապես, կարևորվում է  Եվրոպական դատարանում պետությունների կառավարությունների ներկայացուցիչների կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում խորհրդարանի, դատարանների, պետական մյուս մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ նպատակային ու ինստիտուցիոնալ համագործակցության հաստատումը: Այդ առումով, ներկայացուցչի կայքը կլինի հենց այն կարևոր գործիքներից մեկը, որի շնորհիվ մեր քաղաքացիների համար մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը կդառնան առավել հասանելի, իսկ դրանցով նախատեսված իրավական պաշտպանության մեխանիզմները՝ մատչելի: Սա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը: Այդ կերպ, կբարձրանա նաև նպատակային և ինստիտուցիոնալ համագործակցության մակարդակը վճիռների կատարման հարցում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքի պաշտոնական բացմանը Գ. Կոստանյանի խոսքը հետևյալ հղումով:), ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Մ. Լոբովը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Ստեֆանի Գրիզարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Լեհաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էլիզա Սուխոժեբրսկան, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական փորձագետներ, պետական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության մի խումբ աշխատակիցներ Գ. Կոստանյանի կողմից պարգևատրվել են հուշամեդալներով, հուշանվերներով և շնորհակալագրերով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի բացումը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի ծրագրի աջակցությամբ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930