«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություններին: Ասաց, որ կարող է ընդունել եւ քննարկել այն քննադատությունները, որոնք վերաբերում են իր անձին կամ քաղաքացիական ինչ-ինչ դիրքորոշմանը. «Այն քննադատությունը, որը վերաբերում է մասնագիտությանս, չեմ ընդունում, որովհետեւ չկա մեկը, որը ինձ հետ հավասարազոր կարող է քննադատել: Չեմ թաքցնում, որ կոմերցիոն թատրոն եմ ներկայացնում: Այո, դերասանը պետք է լավ ապրի, կուշտ լինի, ոչ թե աչքերում մատնաքաշեր: Ինստիտուտներում սովորեցնում են, թե դերասանը պետք է աղքատ լինի, կարող եք ասել՝ ինչո՞ւ…Արվեստագետը կարող է լավ ապրել եւ բիզնես կառուցել: Ես թատրոն եմ կառուցում, դպրոց կբացեմ եւ երեխաներին կփոխանցեմ այն, ինչ ես որդեգրել եմ»,-ասաց նա:
Թոխատյանը նշեց, որ այդ ամենն իրականացնելու է առանց բեմին «դավաճանելու», քանի որ բեմը կնոջ պես է. «Բեմում էլ կարելի է այնպիսի գործունեություն ծավալել, որ ամեն ինչ լավ լինի եւ երբեք չմտածես կողքից մի հատ էլ պեռաշկիանոց ունենալու մասին: Մեռնեմ՝ Երեւանից չեմ գնա, սիրում եմ քաղաքը: Մինչդեռ մարդանմաններն են այնպես անում, որ չսիրենք այն»: Դերասանի խոսքով. «Եթե այսօրվա երիտասարդը, որի աչքերում «պրոտեստ» կա, օրը սկսի ժպիտով, տասը տարի հետո այնպիսի երկիր կունենանք, որ բոլորը կասեն՝ ո՜ւխ…»:
Հանդիպման վերջում, արձագանքելով սփյուռքահայ երիտասարդի նկատառմանը՝ Հրանտ Թոխատյանն ասաց. «Ուզում եմ, որ հայ ըլլալը կայֆ լինի, ոչ թե գոյապայքար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ