Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 26-ին Գյումրիի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի «Էմիլի Արեգակ» ցերեկային կենտրոնից գողություն էր կատարվել: Կառույցի թարգմանչուհին ոստիկանություն հաղորդագրություն էր ներկայացրել այն մասին, որ խոհանոցին կից սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են 3 հազար դրամ, Ավստրիայի երկու քաղաքացիներից էլ՝ 600 եվրո գումար եւ 500 եվրո արժողությամբ պլանշետ, նաեւ 700 եվրո արժողությամբ արեւային ու օպտիկական ակնոցներ:
Հիշեցնենք, որ այս կառույցը ստեղծվել էր «Կարիտաս Ավստրիայի» թիմի անհատ դոնորների միջոցով եւ գողությունը կատարվել էր հենց պաշտոնական բացման օրը, որին մասնակցելու համար եկել էին հյուրեր Ավստրիայից:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ գողությունը բացահայտվել է. գողացված պլանշետը հայտնաբերել են 1992 թվականին ծնված Ռ.Գ մոտից.: Գողոնը առգրավված է, նա ներկայացել է քննչական վարչություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Զզվում եմ այդ “պլանշետ” բառից: Խնդրում եմ մի օգտագործեք այդ ռուսական բառը: Բացարձակապես դա կապ չունի “տաբլետի” հետ: Լավ կլինի ճիշտ հայկական տարբերակ գտնել…