ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն մի քանի օր է` Վանաձորում կազմակերպվել է ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդես: Վանաձորցիները հնարավորություն կունենան մինչեւ հոկտեմբերի 1-ը ծանոթանալ ներկայացված ցուցանմուշներին: Ցուցահանդեսը կրում է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» խորագիրը:
Aravot.am-ը ցուցահանդեսի մասին խոսեց ՀՀ Կենտրոնական բանկի դրամագետ Գեւորգ Մուղալյանի հետ:
«Մեր ցուցադրության նպատակն այն է, որ մենք մեր բնակչությանը ծանոթացնենք մեր ազգային դրամներին եւ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը: Սա մեր ընդհանուր պատմության, մեր մշակույթի մի մասն է, եւ եթե կուզեք, նույնիսկ մեր ժառանգության մի մասն է, մի շատ կարեւոր մասը: Սա այն բնագավառն է, որ նախ մենք պետք է իմանանք եւ հետո շատ լայն տարածենք աշխարհում, աշխարհին ներկայացնենք, որովհետեւ ունենք ինչ ներկայացնենք, որովհետեւ սա այն քիչ բնագավառներից է, որ մենք ունենք հարուստ ժառանգություն, եւ մենք պետք է դա ներկայացնենք, որպեսզի մեր երկիրը լինի ճանաչելի: Սա մեր ազգային դրամների պատմությունն է, որը սկսվում է մեր թվարկությունից առաջ առաջին դարից, դրամներ ունենք Արտաշեսյան հարստության ժամանակներից մինչեւ մեր օրերը», հավելեց Կենտրոնական բանկի մասնագետը:
Նա ասաց, որ քաղաքացիները հետաքրքրված են ցուցահանդեսով:
Կարդացեք նաև
«Ցուցահանդեսը արդեն ավանդական է դարձել: Մենք 20 անգամ մարզեր ենք այցելել: Գալիս են աշակերտներ` խմբերով, ուսանողներ, առանձին քաղաքացիներ, անհատներ, եւ ես փորձում եմ նրանց հետաքրքրությունը որքան հնարավոր է բավարարել: Նույնիսկ խմբեր են լինում, հետաքրքրվում են առանձին ժամանակաշրջանի դրամի պատմությամբ»,-նշեց դրամագետը:
Նա տեղեկացրեց, որ Վանաձորում իրենք երկրորդ անգամ են. առաջին անգամ եղել են 2005 թվականին, որով էլ սկիզբ է դրվել ցուցահանդեսի մարզային այցելություններին:
Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ