Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը, նախագահը տեղյակ են, բայց սայլը տեղից չի շարժվում». Քիմպրոմցիների ցույցերը շարունակվում են

Սեպտեմբեր 30,2015 17:19

 Այսօր «Վանաձոր–Քիմպրոմ»-ՓԲԸ-ի աշխատակիցները նորից հավաքվել էին  Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջում են իրենց ամիսներով կուտակված աշխատավարձները:

Aravot.am-ը զրուցեց գործարանի նախկին աշխատակիցներից Նինա Հանեյանի հետ: Նա ասաց, որ արդեն իններորդ ամիսն է`չի աշխատում, վերջնահաշվարկն էլ չի ստացել: «Մեր պահանջը մեր փողերն են,   որ վերջնահաշվարկ են արել, բայց փողերը չեն տվել: Մարդիկ կարիքներ ունեն, նույնիսկ դեղի փող չունենք, որ օգտագործենք:  Ինը ամիս է` փող չենք ստացել, հունվարից ազատվել եմ աշխատանքից, մինչ օրս սպասում եմ»,-ասաց գործարանի նախկին աշխատակիցը:

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակցուհի Նարինեն եւս նշեց, որ  հունվարից ազատված է աշխատանքից, բայց մինչ օրս  վերջնահաշվարկը չի ստացել: «Մեր պահանջը միայն մեր աշխատավարձերն են, ուրիշ պահանջ չունենք: Եթե մարդը կարիքի մեջ չլինի, հնարավորությունները մեծ լինեն,  այս մարդիկ կուզենան անպայման իրենց ընտանիքի հոգսերը հոգան, մի գործ անեն, մի բան անեն, ուրեմն հնարավորություն չունեն, որ գալիս են այստեղ, որ իրենց աշխատավարձը պահանջեն, ինչը պետք է շատ վաղուց մարված լիներ: Սաղ էլ, վարչապետը, նախագահը տեղյակ են, բայց սայլը տեղից չի շարժվում»,- ասաց գործարանի աշխատակիցը:

Ցուցարարներին մոտեցավ ՀՀ Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ ասաց, որ դեռ չի կարող որեւէ դրական պատասխան տալ նրանց: Ցուցարարները մարզպետից հետաքրքրվեցին, թե պետությունը ինչու չի ստիպում գործարանի սեփականատիրոջը, որ վճարի աշխատավարձերը:  «Այստեղ պետության մեղավորության բաժինը ո՞րն է,  պետությունը մեղավո՞ր է, որ մի անպարտաճանաչ սեփականատեր է հայտնվել ու մարդկանց աշխատավարձերը չի տալիս: Եթե չի տալիս, արդեն նոր պետությունը փորձում է միջամտել, բայց պիտի ճանապարհներ  գտնել չէ՞, թե ինչպես  օգնի սեփականատիրոջը, եթե նույնիսկ պետական բյուջեով կամ այլ ճանապարհներով, պետք է վերականգնվի, չէ՞ այդ գումարը»,-ասաց Արթուր Նալբանդյանը:

Մարզպետը հորդորեց ցուցարարներին ավարտել ցույցը: Որեւէ պատասխան ունենալու դեպքում նա խոստացավ տեղեկացնել գործարանի աշխատակիցներին:

 

Մհեր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930