Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի թանկացումը հիմնավորեցին. Հրապարակվել է խորհրդատվական ընկերության եզրակացությունը

Սեպտեմբեր 30,2015 17:04

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավոր». Սա «Հայաստանի էլեկտրական ցանցերում» միջազգային խորհրդատվական «Դելոյթ ընդ տուշ» ընկերության ուսումնասիրության 1-ին փուլի հաշվետվությունից հատված է: Այն հրապարակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում: Եզրակացության՝ «Ուներ արդյոք ՀԾԿՀ-ն այլընտրանք» բաժնում նշված է՝ « 2015-2016թթ. վերջնական սակագնի աճի համար որոշիչ են հանդիսացել երկու գործոն՝ ՀԷՑ-ի կրած վնասների միանվագ փոխհատուցումը եւ արտադրողների սակագնի աճը: Նախկին սակագինը պահպանելու հետեւանքները կանխատեսելու նպատակով մենք վերլուծեցինք շուկայի այլ ընկերությունների վիճակը նախքան ՀԾԿՀ որոշման ուժի մեջ մտնելը. Եթե կարգավորողը փոխհատուցեր ՀԷՑ- ի կրած գնման լրացուցիչ ծախսերի միայն մեկ երրորդ մասը (այդ պահին գործող մեթոդաբանության համաձայն), դա թույլ կտար սակագինը պահել 33,9 դրամ/կՎտժ մակարդակում (8%-ով պակաս հաստատված մակարդակի համեմատ): Սակայն նման որոշումը Հայաստանի էներգահամակարգը կկանգնեցներ ֆինանսական ճգնաժամի եզրին: 2015 թվի վերջին ընկերությունը ստիպված կլիներ դեֆոլտ հայտարարել: Սրան անխուսափելիորեն կհաջորդեր արտադրողների ֆինանսական ճգնաժամը, որոնք կկարողանային ՀԷՑ- ից ստանալ պարտքերը լավագույն դեպքում մի քանի տարի անց: Ֆինանսական միջոցների պակասորդը եւ ոլորտում ներդրումների հետագա կրճատումը կարող էր սասանել Հայաստանի էներգետիկական եւ ֆինանսական համակարգերի կայունությունը եւ անվտանգությունը»: «Դելոյթ ընդ տուշի» կարծիքով, եթե հոսանքի գինը չբարձրացվեր, ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրները անխուսափելիորեն կհանգեցնեին աշխատավարձերի ուշացման, ինչը լրացուցիչ կարող էր հրահրել սոցիալական պայթյուն:

Ըստ ուսումնասիրության, ՀԾԿՀ կողմից հաստատված ՀԷՑ-ի ուղղակի ծախսերի աճը վերջին 5 տարիների ընթացքում կրկնակի անգամ ետ է մնացել սղաճից: Սա միջազգային ընկերությունը պայմանավորում է նաեւ ՀԾԿՀ քաղաքականությամբ:

Եզրակացության՝ «Ինչ սպասել ապագայում» բաժնում էլ էներգետիկ համակարգի որոշ գործոններ հաշվի առնելով կանխատեսում է կատարվել 2016–2017թվականների համար, ընդ որում, նշված է, որ կանխատեսումները ճշգրիտ չեն: Այդուհանդերձ, ըստ դրանց, Որոտանի ՀԷԿՀ վաճառքի վերաբերյալ պայմանագրի համաձայն՝ 2016թ. փետրվարից էլեկտրաէներգիայի արտադրության սակագինը կաճի 1,5 անգամ (9,13-ից հասնելով 13,37 դրամ/կՎտժ), մնացած ՀԷԿ- երի մասով սակագները կմնան անփոփոխ: Ընդ որում, բոլոր ՀԷԿ-երի մասով ջրառատության մակարդակը կպահպանվի: ՋԷԿ-երի համար գազի գինը կպահպանվի նախորդ տարվա մակարդակին (230,8 ԱՄՆ դոլար/հազար խմ), իսկ նրանց տարեկան փոփոխությունը կորոշվի միայն ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի դինամիկայով: Արտադրողների այլ ծախսերը եւ ՀԷՑ-ի ուղիղ ծախսերը, ինչպես եւ բարձրավոլտ ցանցերում կորուստների չափը, կմնան 2015-2016թթ. հաստատված սակագնային հայտի մակարդակում: ՀԱԷԿ-ը կանգնեցվում է նորոգման 2017թ. եւ 2018թ. երեքական ամսով (մարտից մայիս): Դրա արդյունքում ՀԱԷԿ-ի արտադրությունը 2017– 2018թթ. նվազում է 0,6 մլրդ կՎտժ-ով՝ գործող սակագնային ժամանակահատվածի համեմատ: Այդ ժամանակահատվածներում կայանը չի ստանալու հզորության վճարներ: ՀԱԷԿ-ը նորոգման աշխատանքների իրականացման համար ներգրավում է 270 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ 15 տարի ժամկետով՝ 3% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, սակագնում ներառվում են միայն տոկոսավճարները: ՀԷՑ սակագնում ներառվում է մինչեւ 2023թ.108 միլիոն եվրո գումարով վարկի մայր գումարի մարումը: 2016-2017թթ. նախատեսված վճարումը կկազմի 4,1 մլրդ դրամ: ՀԱԷԿ-ի բլոկի նորոգման համար կանգնեցման արդյունքում պակաս ստացված էներգիայի փոխհատուցումը նախատեսվում է 2016-2017թթ. «Հրազդան – 5»-ի հզորությունների բեռնավորումը մեծացնելու հաշվին (մինչեւ 1,1 մլրդ կվտժ՝ հաշվի առնելով արտահանումը:

Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե՛ աճման եւ թե՛ նվազման ուղղությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930