Սեպտեմբերի 28-30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպումներ ունեցավ Ս. Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների պատվիրակությունների հետ:
Նորին Սրբությունը մյուռոնօրհնությանը հաջորդող օրերին ընդունեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Հյուսիսային Սինայի Կոզման եպիսկոպոսի, Հնդիկ Մալաբար Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Մումբայի միտրոպոլիտ Գևարգհես Մար Կուրիլոսի, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Մորավիայի Անտոնի եպիսկոպոսի գլխավորած պատվիրակությանը, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Տրանսիլվանիայի միտրոպոլիտ Լավրենտիոս Ստրեզային, Նոր Ջուստինիանայի և Համայն Կիպրոսի Քրիզոստոմոս Բ արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Նեապոլի Պորփյուրիոս եպիսկոպոսին, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Միխալցովեյի և Կոշիցեի Յուրայ արքեպիսկոպոսին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Փոթիի և Խոբսկի միտրոպոլիտ Գրիգորիին, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու Աստի եպիսկոպոսին, Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Նյուքասլի Մարտին Վարթոն եպիսկոպոսին և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչ Դանիել քահանա Բուդային:
Հանդիպումների ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնօրհնությանը բերած մասնակցության և աղոթակցության համար իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներին:
Նորին Սրբությունը պատվիրակների միջոցով իր եղբայրական ողջույնները փոխանցեց նաև Եկեղեցիների հոգևոր պետերին` նրանց սրբազան առաքելության արդյունավորման համար հայցելով Ամենակալ Աստծու հովանին և զորակցությունը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին