Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հանրապետության հրապարակում կազմակերպելու է 11-ժամյա ակցիա՝ նվիրված ընտանեկան զոհերի հիշատակին
2011 թվականից սկսած ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»: Այս տարի կոալիցիան կազմակերպում է 11-ժամյա ակցիա Հանրապետության հրապարակում՝ նվիրված ընտանեկան զոհերի հիշատակին: Այս մասին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն ասացին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Կոալիցիայի անդամ Աննա Հովհաննիսյանն ասաց, որ ոստիկանության տվյալներով՝ 2015 թվականի առաջին կեսի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 447 դեպք, իսկ կոալիցիայի անդամ կազմակերպությունները 8 ամիսների ընթացքում ստացել են մոտ 1500 զանգ: Իսկ 2013-2015 թվականների ընթացքում կազմակերպությունները ստացել են շուրջ 5300 զանգ, եւ արձանագրել են նաեւ 30 մահացության դեպքեր 2013-2015 թվականների ընթացքում. «Այսինքն՝ շուրջ 10 կին, եթե ոչ ավելի, տարեկան մահանում է ընտանեկան բռնությունից, եւ շուրջ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի: Սա պաշտոնական վիճակագրությունն է»:
Կոալիցիայի մեկ այլ անդամ՝ Նվարդ Մարգարյանը, նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի օրենք, որով կկանխարգելվի ընտանեկան բռնությունը. «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը ստեղծում է նաեւ մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն զոհի անվտանգությունը, ինչպես նաեւ պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնեն դրա համար, սակայն մենք հասկանում ենք, որ դա ռեսուրսատար է: Դրա համար պետությունը փորձում է սահեցնել, անցնել կողքով, որպեսզի հնարավորություն չունենա այդ ռեսուրսների հետ բախվելու՝ պատճառաբանելով, որ Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի այդ բոլոր հիմնախնդիրները լուծելու համար: Սակայն մենք հաշվել ենք, որ ընտանեկան բռնության կանխարգելումը տնտեսապես ավելի շահավետ է, քան արդեն իսկ զոհերին որոշակի օգնություն տրամադրելը: Դրա համար մենք շարունակելու ենք մեր ջատագովությունը, որպեսզի Հայաստանն ի վերջո ընդունի այդ օրենքը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ