ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է DAAD /Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն/ երևանյան տեղեկատվական կենտրոնի նորանշանակ տնօրեն Սիլվիա Շմիդին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի մեր երկրում DAAD-ի ծրագրերի ընդլայնմանը:
Նախարարն ընդգծել է, որ գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրություն կա. «Գերմանիայի բուհերում ուսանելու ցանկությունը հայ ուսանողների մոտ նկատելիորեն մեծացել է, և դա պայմանավորված է նաև համագործակցության արդյունավետությամբ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ Գերմանիան երկրորդ երկիրն է, որտեղ փոխանակման տարբեր ծրագրերով սովորում են առավել մեծ թվով հայ ուսանողներ: Ա. Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է նպաստել, որ ՀՀ դպրոցներում գերմաներենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Նախարարը կարևորել է նաև, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու և
ընդլայնելու վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել նաև Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու ծրագիրը:
Կարևորելով Հայաստանի հետ հաջողված կրթական համագործակցության ամրապնդումը՝ Ս. Շմիդը շեշտել է, որ չնայած բնակչության համեմատաբար նվազ թվաքանակին Հայաստանի դիմորդներն առանձնանում են իրենց բարձր պատրաստվածությամբ և կարողանում են առավել թվով կրթաթոշակներ ստանալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն