Հայաստանում գրանցված կրոնական կառույցների թիվն ավելացել է եւս մեկով՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծեց նոր Սահմանադրության նախագծի՝ հոգեւոր անվտանգության դաշտը կարգավորող հոդվածները:
Նա նշեց, որ կառույցն ավետարանական եկեղեցի է. «Ի ուրախություն մեզ՝ Հայաստանում առաջին կրոնական կառույցն է, որը չունի արտասահմանյան ծագում եւ ֆինանսավորում: Չէի ասի, թե քայքայիչ գործունեություն է ծավալում: Քրիստոնեության հետեւորդներ են, Աստծո խոսքն են քարոզում»,-ասաց Ամարյանը: Փորձագետից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցուց անջատ գործում. «Ամենայն հավանականությամբ, ծիսակատարությունների տարբերություններ կան, որոնք բնորոշ են բողոքական եկեղեցուն»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Նրա տվյալներով՝ ներկայում մեր երկրում գրանցված կրոնական կառույցների թիվը 65 է, չգրանցվածներինը, այդ թվում՝ հոգեբանական կենտրոնների անվան տակ հանդես եկողներինը՝ 200: Ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է մոտ 350.000 մարդ, որից մոտ 250.000-ը ներգրավված է քայքայիչ կրոնական կառույցներում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ