Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի համագործակցությամբ Անի թաղամասի «Հուսո Առագաստ» մանկապարտեզի շենքի դրսի հատվածում կատարվել են ջերմամեկուսացման ու երեսապատման աշխատանքներ: Սա, ըստ տեղում աշխատող շինարարների, 10 տոկոսով կկրճատի մանկապարտեզի ջեռուցման ծախսերը, բացի այդ կառույցը կդարձնի հրակայուն: Փաստորեն եվրոպատուհաններ են տեղադրել ու շենքի արտաքին պատերը սայտինգով (այդպես է կոչվում շինանյութը) երեսապատել են:
Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ծրագիրը իրականացվել է Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» համատեղ աշխատանքի արդյունքում: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, Գյումրու համայնքը նույնպես ֆինանսական մասնակցություն է ունեցել, ու Գյումրու քաղաքապետն է բանակցել ու համոզել, որ այս ծրագիրը իրագործեն հենց Գյումրիում: «Այսպիսի դիզայնով մանկապարտեզ հանրապետությունում չկա, առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում», -ասաց կրթության բաժնի պետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև