Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ       

Սեպտեմբեր 30,2015 16:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրում ընդգրկված որոշ դպրոցների տնօրենների և ոլորտի մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես, մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ուսումնական ծրագրերի բովանդակության և այլ հարցեր: Նշվել է, որ 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: Արմեն Աշոտյանը նշել է, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել, ուստի հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ` ամեն տարի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվելու է: Նրա խոսքով` փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները: «Թեև ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչեղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին: Ծրագրի նպատակն արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կադրերի հարցը նախնական փուլում  լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝ բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ: Նախարարը հանձնարարել է տրամադրել հստակ տեղեկատվություն` ինչպես է առարկայի դասավանդումն ընթանում դպրոցներում, որքանով են դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունները թույլ տալիս դասավանդել այն` պարահարթակ, աուդիովիզուալ նյութեր և այլն:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում վերապատրաստվել են ծրագրում ընդգրկված 100 նոր դպրոցների «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ուսուցիչները` 50-ը Երևանում, 50-ը` մարզերում: Մոտ ապագայում նախատեսվում են նաև վերապատրատումներ ծրագրի առաջին փուլում ընդգրկված 13 դպրոցների մասնագետների համար:

Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում: Վերջերս ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը», համաձայն որի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930