Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբովյանի քրեակատարողականում երեխաները «պտիչկայի» համար են դասերին այցելում

Սեպտեմբեր 30,2015 14:26

Մինչեւ 2022 թվականը մեր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան ներառական կրթությամբ: Այսօր ունենք 139 ներառական դպրոց, ճիշտ է բոլոր մարզերում կան ներառական դպրոցներ, սակայն դրանք հավասարաչափ բաշխված չեն: Այսօր «Դաբլ թրի բայ Հիլտոն» հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեցին է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները:

Կազմակերպությունն ուսումնասիրել է մեր երկրում երեխայի իրավունքների իրավիճակը, որն այսօր ներկայացվեց «Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան» զեկույցի տեսքով:

Erexaneri-iarvunqner-1
Վերլուծությունը ցույց է տվել, որ հաշմանդամություն ունեցող 8 հազար երեխայից դպրոցներում սովորում են ընդամենը 2 հազարը, ուստի դպրոց չհաճախող երեխաներին բացահայտելու եւ ներառելու խնդիր կա մեր երկրում: Համաձայն կազմակերպության հաշվարկների, ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող 20 երեխայից երկուսն է հաճախում ներառական դպրոց, 5-ը`հատուկ դպրոց, 14-ն ընդհանրապես չեն հաճախում:

Հայաստանում կրթության հասանելիության տեսակետից սոցանապահով երեխաները նույնպես խոցելի են: Համաձայն «Սեյվ դը չիլդրեն»-ի ուսումնասիրության, դպրոցից դուրս մնացած երեխաների ցուցանիշը հասնում է 35 տոկոսի:

Խախտվում է նաեւ Աբովյանի քրեակատարողականում գտնվող անչափահաս երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Դատապարտյալ երեխաները, որոնք պետք է ստանան պարտադիր հանրակրթական կրթություն, ընտրում ու այցելում են այն դասարանը, որտեղ ուզում են այցելել, մասնակցությունը դասընթացներին կրում են ձեւական բնույթ եւ պարզապես ներկա ստանալու համար են հաճախում դասերին: Կազմակերպության մասնագետներն առաջարկում են բարելավել ծառայության որակը քրեակատարողական հիմնարկներում եւ հատուկ դպրոցներում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանում բռնության ոչ բոլոր դրսեւորումներն են քրեորեն պատժելի, այդ իսկ պատճառով պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլված է միայն այն հատվածը, որը վերաբերում է բռնության հանցավոր դրսեւորումներին: Մեր որեւէ օրենքով հստակեցված չէ երեխային վիրավորանքից, հոգատարության բացակայությունից, անուշադրությունից կամ կոպիտ վերաբերմունքից զերծ պահելը:

Մեր երկրում խախտվում է նաեւ երեխայի առողջության պահպանման իրավունքը:
Զեկույցն անդրադառնալով հատուկ կարիքներով երեխաների առողջության իրավունքին փաստում է, որ չնայած իրականացվող պետական մի շարք բժշկական եւ սոցիալական աջակցության ծրագրերի, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, երեխաները չեն ստանում դեղամիջոցներ իրենց տարածքային առողջության առաջնային պահպանման օղակներից: Հաշվառված համակարգի թերության պատճառով շատ երեխաներ ներգրավված չեն սոցիալական եւ վերականգնողական ծրագրերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնավորապես գյուղական վայրերում հատուկ կարիքներով երեխաները չեն գտնվում մանկաբույժի հսկողության ներքո, քանի որ ծնողն անվճարունակ է, կամ տեղեկատվություն չունի այդ մասին, երբեմն էլ ծառայությունները ֆիզիկապես անմատչելի են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930