Սահմանադրության փոփոխված նախագծի 40 հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ, իսկ դրանց գործունեությունը կարգավորվում է օրենքով: «Դրանց մեջ մտնում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին, որը սակայն չի կարող լինել կրոնական կառույցներին իրավահավասար: Հակասություն է առաջանում, քանի որ 17-րդ հոդվածով էլ Հայաստանյաց առաքելական եկեղեցին ճանաչվում է որպես ազգային եկեղեցի եւ հայ ժողովրդի համար օժտված է բացառիկ ազդեցությամբ: Միաժամանակ, Հայ եկեղեցու դերը եւ արտոնությունները չեն նվազեցվում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց, որ գործող Սահմանադրությունը եւս կրոնական կառույցներին արտոնություններ է տալիս, միաժամանակ՝ որոշակի հստակեցումներ մտցնում, հետեւաբար՝ հնարավոր կլինի օրինազանց կրոնական կառույցներին պատժել:
Փորձագետի խոսքով՝ նոր Սահմանադրությամբ կրոնական կառույցներն անջատ են պետությունից, այսինքն՝ պետություն են պետության մեջ, ինչն արդեն իսկ արտոնություն է. «Նախագիծը սահմանափակում է կրոնական կառույցների որոշ իրավունքներ, եթե կփորձեն ներազդել մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա: Բացի այդ, կրոնական կառույցի անդամը սեփական դիմումի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունը այընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք ունի: Մեկ այլ կետ սահմանում է, որ ոչ մի ծնող չի կարող միակողմանի որոշմամբ երեխային մասնակից դարձնել կրոնական հավաքի եւ քարոզի»,-տեղեկացրեց Ալեքսանդր Ամարյանը:
Նա նաեւ նշեց, որ Մայր օրենքի նոր նախագիծը եւս չի սահմանում «հոգեւորսություն» տերմինը եւ դրա կիրառման դեպքում ենթադրվող պատիժը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ