Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Ստրասբուրգում տեղի ունեցող աշնանային լիագումար նստաշրջանի շրջանակներում Մոնիտորինգի հանձնաժողովը անդրադարձել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին: ԵԽԽՎ-ի կողմից տարածված հաղոդագրությունում մասնավորապես նշվում է. «Հայաստանի քաղաքական համակարգը միայն երկրի քաղաքացիները պետք է ընտրեն սպասվող հանրաքվեի ընթացքում: Հանձնաժողովը, հետևաբար, կոչ է անում բոլոր քաղաքական շահագրգիռ ուժերին ապահովել, որ հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»:
Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` այս հայտարարությունը դիտարկել որպես նախազգուշացու՞մ ՀՀ իշխանություններին, որ հանրաքվեն չպետք է կեղծվի, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն փաստորեն թողել է Հայաստանի`որպես պետության և որպես հասարակության հայեցողությանը, թե ինչպես վարվել սեփական Սահմանադրության հետ: Իսկ ինչ անհամաձայնություններ էլ կային` ելնելով ՀՀ միջազգային պարտականությունների հակասություններից, այդ հարցերը քննարկվել ու քննարկվում են Վենետիկի հանձնաժողովի հետ`մինչ հարցը բերվի տրամաբանական ավարտի»:
Ռուբեն Մեհրաբյանը ընդունում է, որ ըստ էության յուրաքանչյուր երկիր ի վերջո ինքն է որոշում` ինչպես վարվել իր Սահմանադրության հետ: Բայց պարոն Մեհրաբյանը միևնույն ժամանակ նշեց, որ այն դեպքում, երբ ներքին հարցերում տվյալ երկիրը խախտում է միջազգային պարտավորությունները, այդ դեպքում արձագանքը լինում է բավականին կոշտ նաև բանաձևերի տեսքով, ինչը չի բացառվում նաև սահմանադրական հանրաքվեի առիթով, եթե նման առիթ Ստրասբուրգում տեսնեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև