ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված երեկ երեկոյան տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ հոբելյանի առիթով Երեւան ժամանած միջազգային օլիմպիական շարժման մի շարք պաշտոնական անձանց պարգեւատրեց թանկարժեք նվերներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում ասաց. «Հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, հարգելի գործընկերներ: Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին՝ Ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ ասել, որ միայն ես չէ, որ զարմացել էի մեր գեղեցիկ մարզահամալիրի բացման արարողության ժամանակ, որովհետեւ մենք եղել ենք բազմաթիվ երկրներում, քաղաքներում եւ նման մարզական համալիր չենք տեսել: Սա պարոն Ծառուկյանի նվերն է մեր ժողովրդին, մարզական աշխարհին: Դա պարտավորեցնող է մեր մարզաշխարհին, որ ցույց տան բարձր արդյունքներ, որպեսզի մեր ժողովուրդը հպարտանա: Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին այս ազգանպաստ, հայանվեր աշխատանքի համար: Եվ ամենակարեւորը, որ իր գործունեությունը շարունակական բնույթ է կրում: Նա ջանք չի խնայում, որպեսզի զարգացնի մեր երկիրը, մեր սպորտը: Ես այսօր մեր հանդիպման ժամանակ ասել եմ ու կկրկնեմ, որ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց օլիմպիական կոմիտեի նախագահ, Հայաստանի կառավարության նյութական ծանրաբեռնվածությունը նվազեց: Դրա համար շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ