Արդեն մեկ-երկու ամիս է՝ Հայաստանի տարբեր մարզերում համառորեն անհեթեթ լուրեր են տարածվում դպրոցահասակ եւ մանկապարտեզահասակ երեխաների առեւանգման, ապա նրանց երիկամները հանելու վերաբերյալ: Կախված այն բանից, թե լուրերը որ մարզում են տարածվում, երեխաների ապագան տարբեր է նկարագրվում: Մի տեղ ասում են, որ երիկամները հանելուց հետո երեխաներին տուն են ուղարկում, մեկ այլ մարզում ավելի դաժան են լինում լուր տարածողները՝ «երեխաներին խոշտանգելուց հետո սպանում են եւ շպրտում փողոցում…»
Առաջին իսկ հայացքից հասկանալի է, որ նման ապուշությունները պարզապես ոմանց հիվանդ երեւակայության պտուղ են, որոնք ընկնելով նույնքան հիվանդ երեւակայություն, գումարած դրան՝ աբսուրդ տեղեկությունների հանդեպ մեծ սեր ունեցող հասարակության բերանը, դառնում են «100% -անոց ճիշտ» լուր, քանի որ, չնայած այդ երեւակայական երեխաները անուն-ազգանուն չունեն, բայց լուր տարածողի ընկերուհու ամենամոտ հարազատի դպրոցում են սովորում, գնում են այդ լուր տարածողի հարեւանի բաջանաղի թոռան մանկապարտեզը եւ այլն:
Անհասկանալի է, թե ինչ կենտրոնից են տարածվում եւ համառորեն հասարակության մեջ խուճապ առաջացնում այդ անհեթեթությունները, բայց պատկան մարմինները արդեն քանիցս հերքել են դրանք: Ոչ մի փաստացի տվյալ, ոչ մի անուն, ոչ մի թիվ որեւէ տեղ գոյություն չունի: Թվում էր, թե ժամանակն է, որ անիմաստ խուճապը մարի, սակայն արի ու տես, որ խուճապ առաջացնողների թվում են նաեւ այնպիսի լուրջ հիմնարկներ,ինչպիսիք դպրոցներն են:
Այսօր Երեւանի դպրոցներից մեկի ծնողն ահազանգեց, որ ուսուցիչները, հիմնվելով ինչ-որ «ներքին հրահանգի» վրա, ծնողներին զգուշացրել են անձամբ գալ երեխաների հետեւից, անձամբ վերցնել երեխաներին դպրոցից: Դա դեռ՝ ոչինչ: «Անհանգիստ» ուսուցիչները այնքան են վախեցած երեւակայական հանցագործներից, որ տարրական դպրոցների երեխաներին սարսափեցրել են առեւանգողներով: «Առաջին դասարանցի տղաս երեկ ամբողջ օրը ինձ հարցախեղդ էր անում, թե ինչպե՞ս են երեխաների երիկամը հանում, ինչպե՞ս են սպանում եւ այլն, այդ մասին նրան ուսուցիչն էր ասել»,-բարկացած պատմում էր ծնողներից մեկը, ում դպրոցում ասել են՝ երեխաների հետեւից այսուհետեւ եկեք դպրոց:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ