Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայազն» կուսակցության հայտարարությունը՝ սահմանային սրացման վերաբերյալ

Սեպտեմբեր 30,2015 11:46

Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է կրակային ճնշումը հայկական թե՛ բանակային միավորների, և թե՛ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով աճող մարդկային կորուստներ: Սողացող պատերազմը հյուծում է Հայաստանը:

Մենք քաղում ենք 1994 թ. պատերազմը հաղթական ավարտի չհասցնելու և հետագայում ադրբեջանական ոտնձգությունները դաժանորեն չպատժելու, Արցախը Հայաստանից ապօրինաբար առանձնացնելու, մեր հարցերի տնօրինումն օտար միջնորդներին հանձնելու, տարածքային զիջումների շուրջ տարիներ շարունակ պատրաստակամորեն բանակցելու, երկրի անվտանգությունը կեղծ դաշնակիցներին վստահելու, զուգահեռաբար՝ սեփական երկիրը թալանելու և բնակչությանը պետությունից ու Հայրենիքից օտարելու ստոր ու հայատյաց տևական քաղաքականության պտուղները:

Այսօր Ադրբեջանը՝ ոգևորված Ռուսաստանի բացահայտ ռազմական և քաղաքական աջակցությամբ և համոզված, որ Հայաստանի հետ վերջինիս դաշնակցային հարաբերությունները միանգամայն ձևական են, հույս ունի հենց Մոսկվայի օգնությամբ Երևանին պարտադրել ծավալուն տարածքային զիջումներ:

Մյուս կողմից, Ռուսաստանը, համոզված լինելով, որ ԵՏՄ անդամակցությամբ վերջնականապես ինքնիշխանազրկված ու հպատակեցված Երևանը լիովին իր գրպանում է, տարածաշրջանում ռազմաքաղաքական գերակայությունն ընդլայնելու նպատակով, լծվել է Ադրբեջանին ևս իր «եվրասիական» և հակաարևմտյան նախագծերում ներառելու գործին։ Մոսկվան, շահագործելով բանակցային միջնորդի և կեղծ դաշնակցի կարգավիճակները, պատրաստվում է Հայաստանի հաշվին hաճեցնել փափագելի նոր դաշնակից Բաքվին: Այդ իսկ նպատակով Մոսկվան սաստկացնում է ճնշումը Երևանի նկատմամբ` շփման գծում իր խաղաղապահներին տեղակայելու հեռահար մտադրությամբ: Կամեցածին հասնելու համար Ռուսաստանը բոլոր հնարավոր եղանակներով խրախուսում է Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները և նրան Հայաստանի կողմից անպատժելիության երաշխիքներ շռայլում:

Մյուս միջնորդները ոչ մի ջանք չեն գործադրում հրադադարը պահպանելու ուղղությամբ, կուրորեն շարունակում են հավասարության նշան դնել հակամարտության կողմերի միջև և ունեն միայն մեկ հետաքրքրություն` Ռուսաստանի կողքին որոշ մասնակցություն ունենալ խաղաղապահների տեղակայման և տարածքներ հանձնելու գործընթացին:

Հայաստանը չի կարող ընկրկել այս ճնշումների ներքո: Տարածքային զիջումները անխուսափելիորեն կհանգեցնեն պետականության շղթայական փլուզման՝ Հայաստանը վերածելով խղճուկ և անկենսունակ մի տարածքի:

Ազգային-պետական շահերին նվազագույն չափով հավատարիմ յուրաքանչյուր կառավարություն ստեղծված իրավիճակում.
• Վճռականորեն սկզբից ևեթ կմերժեր խաղապահների մասին որևէ խոսակցություն,
• Իրավաբանական պատշաճ ակտով կվերահաստատեր Արցախի ներկայիս ողջ տարածքի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ամբողջականության անքակտելի մաս լինելը,
• Կհայտարարեր Ադրբեջանի կողմից հայապատկան այլ տարածքների (Նախիջևան և Գարդմանք) վերահսկման ժամանակավորության մասին,
• Դուրս կգար մինչ օրս անպտուղ և միանգամայն վնասակար բանակցային ձևաչափերից,
• Կհայտարարեր համընդհանուր զորահավաք,
• Անհրաժեշտ ողջ խստությամբ հետևողականորեն կպատժեր հրադադարը խախտելու ադրբեջանական յուրաքանչյուր ամենափոքր իսկ ոտնձգություն։

Հայաստանում ներկայումս իշխող վարչախումբը, ցավոք, չունի վճռական հակազդեցության համար անհրաժեշտ որակներ և հանրային աջակցություն:

Ուստի, մենք ստիպված ենք երկրի ինքնիշխանության բուն կրող ու երաշխավոր հայ մարդկանց անունից հայտարարել, որ Հայոց հողի վրա չենք հանդուրժի ոչ մի երկրի ոչ մի խաղաղապահի ներկայություն։ Ադրբեջանական յուրաքանչյուր ոտնձգություն, ում կողմից էլ այն հովանավորվի, արժանանալու է ոչ միայն գործող բանակի, այլև ողջ Հայության կատաղի դիմադրությանը՝ ընդհուպ մինչև արևելյան ուղղությամբ ցեղասպանության հետևանքների վերացման ու Հայոց արևելյան սահմանների բնական ամբողջացումը:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նահատակների հարազատներին, դիրքապահ զինվորներին և սահմանամերձ բնակչությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930