«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի քարտեզ-ուղեցույցներ» ծրագրի շրջանակներում «Թվային հուշարձան» կրթադաստիարակչական հասարակական կազմակերպությունը տպագրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հուշարձանների 3000-ական քարտեզ-ուղեցույցներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հրատարակված քարտեզ-ուղեցույցները հնարավորություն կտան ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հանգամանորեն ծանոթանալ ՀՀ պատմամշակութային հուշարձաններին և բնական միջավայրին:
Մինչ այժմ նման քարտեզ-ուղեցույցներ են տպագրվել միայն Լոռու և Տավուշի մարզերի հուշարձանների վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ մյուս մարզերի հուշարձանների մասին ևս տպագրել այսպիսի նյութեր:
«Թվային հուշարձան» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենց նպատակն է քարտեզ-ուղեցույցների տարածման միջոցով խթանել և զարգացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում զբոսաշրջությունը: Այնուհետև նկատեց. «Նման քարտեզ-ուղեցույցները կարող են նպաստել ոչ միայն էկոտուրիզմի, այլև զբոսաշրջության ցանկացած ձևի զարգացմանը: Առաջարկվող քարտեզ-ուղեցույցների շնորհիվ էկոտուրիզմի սիրահարներին հնարավորություն կտրվի այցելել ոչ միայն ավտոճանապարհներով ապահովված, լայն ճանաչում ունեցող վայրեր, այլև լինել միայն կածաններով հասանելի բազմաթիվ հնավայրերում»:
Հավելենք, որ քարտեզ-ուղացույցները տրամադրվելու են տուրիստական գործակալություններին, մարզային կենտրոններին, դպրոցներին ու կրթական այլ հաստատությունների:
Քարտեզ-ուղեցույցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հասցեներով.
https://www.raa-am.com/Gex_Kot_qartez/gegh.html,
https://www.raa-am.com/Gex_Kot_qartez/kot.html:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն