Սեպտեմբերի 26-ին, երբ Գյումրիում մարզի պաշտոնյաների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի ու Ավստրիայից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվում էր բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի «Էմիլի Արեգակ» ցերեկային կենտրոնը, գողություն է կատարվել կառույցի ներսից:
Կառույցի թարգմանչուհին ոստիկանություն հաղորդագրություն է ներկայացրել այն մասին, որ խոհանոցին կից սենյակում գտնվող իր պայուսակից գողացել են 3 հազար դրամ, Ավստրիայի երկու քաղաքացիներից էլ՝ 600 եվրո գումար եւ 500 եվրո արժողությամբ պլանշետ, նաեւ 700 եվրո արժողությամբ արեւային ու օպտիկական ակնոցներ: Այս մասին մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզային ոստիկանությունից:
«Էմիլի Արեգակ» կենտրոնը, որն իր ձեւով եզակի է, նպատակ ունի փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը, կրթել նրանց, կառուցվել է «Կարիտաս Ավստրիայի» թիմի անհատ դոնորների միջոցով, որոնք եւ ամեն ինչ անում են վերջինիս անխափան գործունեությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարի այս կառույց հյուր էր եկել Ավստրիայի երիտասարդ արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ