Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուրջ զարգացումների դեպքում Ադրբեջանը շատ լուրջ փաստի առաջ է կանգնելու, շատ լուրջ». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 30,2015 11:24

Ադրբեջանի հետ զինադադարի նոր պայմանագիր կնքելու մասին երեկ հայտարարությամբ հանդես եկավ ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ նաեւ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, զինադադարի ի՞նչ նոր պայմանագրի մասին եք խոսում։

– Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, որովհետեւ շարունակական սադրանքներ են տեղի ունենում, որ փոխարինվում են քաղաքական սադրանքով։

– Հիմա ինչպե՞ս է ՀՀ-ն ստիպելու, որ նոր պայմանագիր կնքվի։

– Երկու եղանակ կա. մեկը, որ մենք այնպիսի գործողություններ ենք անում, որի պայմաններում հակառակորդը ստիպված է լինում, եւ մենք թելադրում ենք զինադադարի պայմանագիրը նոր պայմաններով։ Պետք է հասկանալ, որ նոր պայմանագրի մեջ պետք է լինեն հուսալի երաշխիքներ, որպեսզի այդ զինադադարը այլեւս այսպես չոտնահարվի ամեն քայլափոխի։ Երկրորդ ճանապարհը ՄԽ շրջանակներում միջազգային  հանրության  կողմից հրադադարի ռեժիմի պահպանման հուսալի երաշխիքների ստեղծումն է։

Կան առաջարկներ, դրանք են՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, դիպուկահարներին հետ քաշել, այնուհետեւ միջազգային հետաքննության մեխանիզմներ ամրագրել։ Փոխնախարարը միգուցե նկատի է ունեցել երկու տարբերակի զուգորդումը՝ մի կողմից  մեր  գործողությունները՝ էֆեկտիվ, պատժիչ, բացատրող, մյուս կողմից միջազգային կառույցների գործողությունները, որովհետեւ բոլորին անհանգստացնում է այս լարվածությունը, որ ուղեկցվում է նոր զինատեսակների  գործադրմամբ արդեն սահմանամերձ բնակավայրերում, եւ դա կարող է հեռուն տանել։

– Բայց Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ-ի առաջարկած հետաքննչական մեխանիզմից։

– Դրա համար փոխնախարարը խոսում է պարտադրանքի մասին։ Բոլորիս համար ակնհայտ է, որ սահմանային լարվածությունը, որ առաջանում է պարբերաբար եւ արդեն կանոնավոր կերպով, սանձազերծվում է Ադրբեջանի կողմից, իրենք են միշտ նախահարձակ լինում եւ մեզ կանգնեցնում պատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Բանակցությունների շրջանակներում Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական մոտեցումը։ Ինքն ամեն ինչ է ուզում, չի ուզում հաշվի նստել իրականության հետ։ Բայց կայացած փաստ է արդեն, որ Ղարաբաղն ինքնորոշվել է, արդեն 20 տարուց ավելի ինքնիշխան պետություն է, թեպետ չճանաչված։ Արցախի ժողովրդի ինքնորոշումը կայացած փաստ է, հիմա Ադրբեջանն ուզում է հետ շրջի պատմության անիվը։ Ուրիշ տարբերակներ իր համար ընդունելի չեն։ Դա նշանակում է փակել խաղաղ կարգավորման ճանապարհը եւ գնալ ուժի գործադրման  ճանապարհով։  Հիմա անընդհատ փորձում է շոշափել իրավիճակը, մենք էլ խփում ենք ձեռքերին, հետ է քաշվում։

– Իսկ մենք պատրա՞ստ ենք արդյոք որեւէ զիջման։

– Կարելի է նաեւ խոսել փոխհամաձայնեցված որոշումների մասին։ Դրանք կկոչենք փոխզիջումներ, կկոչենք փոխհամաձայնություններ, խաղաղությունը գին ունի միշտ, եւ կարող են քննարկվել տարբերակներ, բայց քանի դեռ Ադրբեջանը առավելապաշտական մոտեցում ունի, ինքը ընդհանրապես փոխհամաձայնեցված որոշումներ չի ընդունում, ինքը 100 տոկոս ուզում է եւ վերջ, մերժում է ինքնորոշման սկզբունքը, միայն մեկ բան է իր համար՝ մտացածին տարածքային   ամբողջականության սկզբունքը… Խոսել մեր կողմից ինչ-որ զիջումների կամ համաձայնեցումների մասին՝ տեղին չէ եւ բանակցային տակտիկայի առումով էլ սխալ է: Այսինքն, ինքը մնում է իր դիրքերում՝ ամեն ինչը ինձ, մենք սկսում ենք հայտարարել, որ պատրաստ ենք այսպիսի տարբերակների: Նման բան չի լինում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930