Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ եւ ադրբեջանցի կանանց «հակամարտությունը» Սանկտ-Պետերբուրգում

Սեպտեմբեր 30,2015 11:12

Նախատեսված ելույթները հանվել են

Սեպտեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Կանանց առաջին եվրասիական համաժողովի ժամանակ «հակամարտություն» է գրանցվել նաեւ հայաստանցի ու ադրբեջանցի պատվիրակների միջեւ: Հայաստանյան պատվիրակությունը, հիշեցնենք, գխավորում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը, պետական կառավարման եւ հասարակական տարբեր ոլորտներում ակտիվորեն ներգրավված կանայք:

Այդ օրերին, հիշեցնենք, բավականին լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական շփման գծում եւ սահմաններում:

Լիագումար նիստում, կանացի հիմնախնդիրներին նվիրված իր ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդհանրական անդրադարձ է կատարել հակամարտություններին` նշելով, որ դրանցից եւս կանայք են տուժում, քանզի նրանց որդիներն ու ամուսիններն են վիրավորվում, մահանում: Հերմինե Նաղդալյանի ելույթին, տեղից բավական ակտիվ փորձել են հակադարձել Ադրբեջանի պատվիրակության անդամները: Նրանցից մեկն էլ շպրտել է. «Այդքան մտահոգ եք, ձեր տղամարդկանց մի թողեք կրակեն»:

Հայ եւ ադրբեջանցի կանանց «հակամարտությունը» շարունակվել է քաղաքական պլատֆորմի քննարկումների ժամանակ: Ֆորումի վարողներից մեկն էլ ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն է եղել: Մտնելով դահլիճ, հայկական պատվիրակության անդամները տեսել են, որ նախագահությունում նստած է նաեւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը: Ծրագրով, սակայն, նախատեսված չի եղել, որ ադրբեջանցի պատվիրակը եւս պետք է նախագահությունում տեղ զբաղեցնի: Հայաստանի պատվիրակության անդամները պահանջել են, որ հարգվեն ու պահպանվեն նախապես մշակված խաղի կանոնները եւ լքել են դահլիճը` անտեսելով կատարվածն արհամարհելու եւ քննարկումը սկսելու բոլոր հորդորները:

Վեճի արդյունքում ի հայտ է եկել, որ Վալենտինա Մատվիենկոյի օգնականներից մի տղամարդ է ադրբեջանուհուն օգնել` նախագահությունում «աթոռ ունենալու» հարցում: Լուրը հասել է Վալենտինա Մատվիենկոյին, որն այդ քննարկմանը չի մասնակցել` այլ հանդիպումների պատճառով: Կատարվածից տիկին Մատվիենկոն բավական զայրացել է ու հրահանգել ադրբեջանուհուն` իջնել նախագահությունից եւ տեղ զբաղեցնել դահլիճում` նախապես իր համար նախատեսված շարքում:

Հայ-ադրբեջանական այս «հակամարտության» արդյունքում, քաղաքական պլատֆորմի քննարկումները մեկ ժամ ուշացումով են սկսվել: Նիստի մեկնարկին, օգտվելով վարողի իր հնարավորությունից, Հերմինե Նաղդալյանն արդեն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմաններում տիրող իրավիճակի, զոհերի եւ վիրավորների մասին, քննադատել Ադրբեջանի կոշտ կեցվածքը: Տեսնելով, որ հարցն ավելի է լրջանում, նիստի վարողն, օգտվելով իր իրավունքից, հանել է նիստում նախատեսված հայ եւ ադրբեջանցի պատվիրակների բոլոր ելույթները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930