Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիացի կանանց  «ապտակը» եվրոպացի կանանց

Սեպտեմբեր 30,2015 11:02

Սեպտեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Կանանց առաջին եվրասիական համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների եւ մասնակցության ընդլայնման, սոցիալական ինտեգրման խնդիրներին:

Համաժողովին, բնականաբար,մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Կանանց հայկական պատվիրակության կազմում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը, պետական եւ հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավվածություն ունեցող այլ կանայք:

Aravot.am-ի տեղեկություններով, միջոցառումը կազմակերպված է եղել բավական բարձր մակարդակով: Դրան մասնակցել են 85 երկրների պատվիրակություններ: «Բացի բուն միջոցառումից, բավական լավ էր կազմակերպված նաեւ մշակութային մասը: Ծրագրում ներառված էր առավելագույնն, ինչին որ հնարավոր էր ծանոթանալ չորս օրերի ընթացքում»,- իր տպավորությունները պատմեց մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը` հավելելով, որ միջոցառման կազմակերպիչ Ռուսաստանին հաջողվեց լավագույնս կատարել իր առաքելությունը. «Հասկանալի է, որ միջոցառումը քաղաքական ենթատեքստ ուներ` ցույց տալու համար ՌԴ-ի հզորությունն` անգամ արեւմուտքի պատժամիջոցների ֆոնին, եւ, պետք է ասել, որ նաեւ այդ իմաստով, հավաքը հաջողեց»: ՌԴ-ն բավական մեծ գումարներ է ծախսած եղել կազմակերպչական աշխատանքների համար եւ դա, ըստ էության, ամբողջովին ծառայել է իր նպատակին:

Քննարկումների ընթացքում, որոնց ակտիվ մասնակից են եղել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Մեդվեդեւի տիկինը, բավականին շատ քննադատություն է հնչել Արեւմուտքի կողմից վարվող քաղաքականության հասցեին: Քննադատության տարափին, մեր զրուցակցի փոխանցմամբ, եվրոպացի կանայք չեն կարողացել դիմադրել: Արդյունքում, եվրոպական մի քանի երկրների պատվիրակություններ պարզապես ստիպված են եղել լքել քննարկումների դահլիճը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930