Հարվածողը 1 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել
Սեպտեմբերի 25-ի երեկոյան 1992թ. ծնված երիտասարդն անսթափ վիճակում Իջեւանում խախտել է հասարակական կարգը: Երբ ոստիկանը փորձել է նրան կարգի հրավիրել, երիտասարդը հայհոյել է օրենքի պահապանին, հարվածել նրան: Այդ ուժգին հարվածից ոստիկանն ընկել է, ուշաթափվել: Երկրորդ անգամ ոստիկանն ուշաթափվել է Իջեւանի բժշկական կենտրոնում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ օրինախախտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիոն դրամ գրավը:
Իջեւանցու նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Տավուշի իրավապահներից տեղեկացանք ,որ ոստիկանի ստացած վնասվածքների վերաբերյալ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո երիտասարդին առաջադրված մեղադրանքը հավանաբար կփոխվի, նրան մեղադրանք կառաջադրվի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն քրեական հոդվածը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ